Ադրբեջանցի 2 պատվիրակ կողմ է քվեարկել ՌԴ-ի քայլերը դատապարտող և Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծելու ԵԽԽՎ բանաձևին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի երկու պատվիրակներ` Էրկրին Գադիրլին ու Կոնուլ Նուրուլաևան կողմ են քվեարկել Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Բելառուսի գործողությունները դատապարտող, նրանց քաղաքական և ռազմական առաջնորդներին քրեական պատասխանատվության ենթարկելու կոչ անող և Ուկրաինայի հարցով միջազգային քրեական տրիբունալ (դատարան) ստեղծելու կոչ անող բանաձևին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԵԽԽՎ պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից:
«Վեհաժողովը նշում է, որ Բելառուսը մասնակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիային, քանի որ թույլ է տվել օգտագործել իր տարածքը Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիա իրականացնելու համար։ Նրա դերն ու մեղսակցությունը պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից, իսկ նրա ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-շեշտվում է բանաձևում:
Վեհաժողովը գտնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի կողմից իրականացված ագրեսիվ գործողությունները, հաշվի առնելով դրանց բնույթը, մասշտաբը և ծանրությունը, հանդիսանում են ՄԱԿ կանոնադրության ակնհայտ խախտում, մասնավորապես՝ ուժի կիրառման արգելքի: Բանաձևում ընդգծվում է, որ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքական և ռազմական առաջնորդները, ովքեր ծրագրել, նախապատրաստել, նախաձեռնել, իրագործել են այդ գործողությունները, և ովքեր ի վիճակի են եղել վերահսկելու կամ ղեկավարելու պետության քաղաքական կամ ռազմական գործողությունները, պետք է բացահայտվեն և քրեական պատասխանատվության ենթարկվեն։
«Վեհաժողովը վերահաստատում է իր միաձայն կոչը՝ անդամ երկրներին և Եվրոպայի խորհրդի դիտորդ պետություններին՝ ստեղծելու հատուկ միջազգային քրեական տրիբունալ՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար»,-ասված է բանաձևում:
Ըստ բանաձևի՝ տրիբունալի իրավասությունը կսահմանափակվի Ուկրաինայի դեմ կատարված ագրեսիայի հանցագործությամբ և կտարածվի Ռուսաստանի Դաշնության կողմից 2014 թվականի փետրվարին սկսված ագրեսիայի վրա: Իրավասությունների շրջանակում նշվում է նաև Բելառուսի առաջնորդների դերն ու մեղսակցությունը Ուկրաինայի դեմ ագրեսիային:
Ըստ ընդունված բանաձևի՝ տրիբունալի նստավայրը պետք է լինի Հաագայում՝ Միջազգային քրեական դատարանի և այլ միջազգային դատարանների ու հաստատությունների հետ համագործակցություն ապահովելու նպատակով: