Սոս Ջանիբեկյան. «Բաժանումից հետո ծանր ապրումներ եմ ունեցել»
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾTert.am Life-ը գրում է
Փետրվարի 22-ին և 29-ին Դրամատիկական թատրոնի բեմում կրկին կլինի «Կենտ զույգը» ներկայացումը: Սոս Ջանիբեկյանն ու Արման Նշանյանն այն կխաղան որոշակի տարաձայնություններից հետո: Tert.am Life-ի հետ անկեղծ զրույցում Սոսը խոսել է տարաձայնության պատճառների, իր հույզերի, Արմանի հետ ներկայիս հարաբերությունների, ինչպես նաև՝ բաժանումից հետո իր էմոցիաների մասին, որոնք արտահայտված են «Կենտ զույգում»:
-Սոս, տևական դադարից հետո կրկին խաղալու եք «Կենտ զույգը ներկայացումը: Գիտեմ, որ այս դադարը հարթ չի անցել. քո և Արման Նշանյանի միջև որոշակի տարաձայնություններ են եղել՝ կապված նրա՝ ներկայացումն ԱՄՆ-ում դերասանական նոր կազմով բեմադրելու հետ: Ինչպե՞ս հարթեցիք խնդիրները:
-Փոքրիկ տարաձայնություններ եղան, քանի որ 4 տարի առաջ, երբ սկսում էինք ներկայացման աշխատանքները, իմ ակնկալիքն էր՝ այն խաղալ ԱՄՆ-ում, ներկայանալ Ամերիկայի հանդիսատեսին, Արմանի ակնկալիքն էր՝ խաղալ էստեղ, քանի որ նոր էր եկել Հայաստան: Յուրաքանչյուրս ուզում էինք շփվել մեզ համար նոր հանդիսատեսի հետ: Փաստորեն, իր ակնկալիքներն արդարացան, իմը՝ ոչ, առաջացան շահերի բախում: Ես ավելի հուզական մակարդակով ընկալեցի հարցը, սակայն, ի վերջո, հասուն մարդու պես հասկացա, որ նա մեղավոր չէ, պարզապես ԱՄՆ գնալու թղթաբանությունը չստացվեց: Հասկացա, որ աշխատանքում հույզերը պետք է բացակայեն: Արմանը իր ուժերի ներածին չափով ամեն բան արել էր, որ ներկայանայինք ԱՄՆ-ում, բայց չէր ստացվել:
Երբ Արմանը վերադարձավ Հայաստան, մեր պրոդյուսեր Արման Միտոյանն ասաց, որ բոլորը՝ ինքը, Արման Նշանյանը, Ստեփան Ղամբարյանը, Լեռնիկ Հարությունյանը, Գագիկ Սուքիասյանը և երկու քույրիկները՝ Լյուսին և Մարիամը, ցանկություն ունեն վերականգնելու ներկայացումը: Քանի որ շատ եմ այս ներկայացումն ու դերասանական կազմին, դա ընդունեցի որպես գործնական առաջարկ, պրոդյուսերական անձնակազմի հետ եկա փոխշահավետ համաձայնության ու վերականգնեցինք «Կենտ զույգը»:
-Դու և Արմանը նաև ընկերներ էիք, հարաբերությունները տուժե՞լ են:
-Իհարկե, ոչ: Մեր ընկերության մեջ ոչինչ չի փոխվել: Մենք միշտ ընկերություն ենք արել, հիմա նաև աշխատում ենք իրար հետ: Հիմա մի քանի լավ ընկերներով կրկին անում ենք ներկայացվում: Ինձ համար առաջին հերթին ընկերությունը դարձավ շարժառիթ, որ կրկին աշխատենք միասին:
Աշխարհում իմ ամենասիրելի բաներից մեկն աշխատանքս է, այնպես որ ինձ համար մեծ ուժ է, երբ ինչ-որ մեկի հետ կապված եմ աշխատանքով: Կարծում եմ՝ գործընկերությունն ավելի ուժեղ երևույթ է, քան միայն ընկերությունը:
-Փորձերն արդեն վերսկսել եք, կերպարիդ մեջ վերանայումներ արե՞լ ես:
-Փոփոխություններ չկան, սակայն 4 տարի առաջ, երբ ես առաջին անգամ էի խաղում այս դերը, այն շատ ավելի մոտ էր ինձ՝ թափթփված, վայելքներով տարված, քան հիմա, երբ ես հակառակ կերպարն եմ՝ ավելի կազմակերպված: Կարծում եմ՝ հիմա այլ եմ խաղում: Բացի այդ, կարծում եմ, այս 4 տարվա ընթացքում մի քիչ հասունացել եմ որպես դերասան: Ամեն դեպքում հիմքում նախկինում խաղացածս է, որ ստացել ենք բեմադրիչ Արման Նշանյանի հետ: Շատ ավելի հեշտ է նորը ստեղծել, քանի հինը փոխել: Ես չեմ ուզում փոխել կերպարս: Կարծում եմ՝ որպես երկրորդական դեր՝ կարողացել եմ կերտել կերպարը: Դրամատուրգիայում մի օրենք կա՝ թագավոր չեն խաղում, թագավորին են խաղում, այսինքն՝ մյուսներն են խաղում, որ նա թագավոր է: Կարծում եմ՝ ես կարողացել եմ խաղալ «թագավորին»՝ լինելով երկրորդական կերպար՝ չխանգարել իրեն:
-Կերպարդ ամուսնալուծությունից հետո միայնակ ապրող, թափթփված, իրական, խորը զգացմունքները բոլորից թաքցնող տղա է: Ինքդ ունեցել ես բաժանումներ: Որքանո՞վ է կերպարդ ներկայացնում քո իրական ցավերը:
-Այս կերպարն իմ թատերական կենսագրության մեջ դեռևս ամենասիրելին է: Շատ խորը կերպար է, որը մնացել է մենակ, հուսալքված: Նրա ցինիզմն իրականում ինքնապաշտպանական ռեակցիա է: Ցինիզմը, իրոնիան, կատակները մեր պաշտպանիչ շերտերն են: Մենք ավելի ցինիկ ենք, որպեսզի չլինենք ավելի խոցելի, ոչ ոք չկարողանա մեր առաջ հայելի պահել, որ տեսնենք մեր իրական դեմքը: Ամենացինիկ մարդիկ իրականում ամենախորքային ցավերն ունեն, որոնք թաքցնում են:
Ես փորձում եմ իմ խաղացած ամեն դրության մեջ դնել ցավեր իմ իրական կյանքից, որպեսզի ոչ թե խաղամ, այլ ապրեմ: Զգացմունքային առումով ես շատ հագեցած կյանք եմ ունեցել, բաժանումից հետո ծանր ապրումներ եմ ունեցել: Փորձում եմ վերականգնել էմոցիոնալ հիշողություններս և այդ ցավերը, որպեսզի տեքստերը լուրջ կապ ունենան իմ իրական կյանքի հետ: Դրան հասել ենք Արմանի հետ համատեղ՝ մենք խոսում ենք իրար հետ՝ որպես Սոս և Արման, չենք խաղում կերպարներ:
-Ժամանակին վախեր ունեիր թատրոնի բեմից: Հիմա, երբ բեմում խաղալու փորձդ ավելի մեծ է, վախերդ հաղթահարե՞լ ես:
-Ներկայացումը կրկին խաղալու որոշումը կայացնելուց մինչև այս պահը միայն այդ վախի համար փոշմանում եմ:)
-Վերջերս հնարավորություն ունեցար իրագործելու նաև վաղեմի ցանկությունդ՝ Վահիկ Փիրհամզեի բեմադրած «Նայիր աչքերիս մեջ» ներկայացման շրջանակներում խաղացիր Ամերիկայի հանդիսատեսիդ համար: Մի առիթով ասել ես, որ այնտեղ լսարանն ավելի թեթև է: Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանի հանդիսատեսին ներկայանալիս ավելի լարված ես:
-Իրականում, հա... էստեղ հաճախ գալիս են տեսնելու՝ որտեղ թերացար, ինչքանով է վատ ստացվել ներկայցումը, ինչպես կարելի է քննադատել: Ես նորմալ եմ վերաբերում քննադատությանը, բայց երբ դա ծայրահեղ է, լարվում ես: ԱՄՆ-ում մարդիկ գալիս ես տեսնելու, թե ինչ լավ բան ես դու արել, ռելաքս լինելու, իրենց պահում են դրական տրամադրության մեջ:
Ինձ համար երկու ծայրահեղությունն էլ անընդունելի են: Ես կողմ եմ առողջ քննադատության, բայց այդ ոսկե միջինը շատ դժվար է գտնել:
-Հնարավո՞ր է այդ ներկայացումը խաղաք նաև Հայաստանում:
-Չգիտեմ, բայց եթե նման բան արվի, պետք է սցենարն ադապտացվի հայկական իրականությանը, քանի որ ներկայացման մեջ կան բաներ, որ ինձ համար էլ են խորթ: Ի սկզբանե վստահեցի Վահիկին, քանի որ նա այդ գործում շատ փորձառու է: Երկար տարիներ է՝ ներկայանում է ամերիկահայ հանդիսատեսին, և ես ամբողջությամբ հավատում ու վստահում եմ նրան, սակայն կան հումորներ, որոնք ես չեմ հասկանում: Խնդիրն այն չէ, որ ես չունեմ հումորի զգացում կամ իրենք են ամեն ինչի վրա ծիծաղում, պարզապես մենթալիտետից և մտածելակերպից ելնելով մեր հումորի զգացումներն են տարբեր: