Ռուսաստանում հայտարարել են Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցության պատրաստակամության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց առանց որևէ նախապայմանի։ Այս մասին հայտնում է Zvezda հրատարակության Telegram ալիքը։
Ռուսաստանցի դիվանագետի խոսքով՝ Մոսկվայի և Կիևի միջև քննարկումը կարող է իրականացվել միայն այն իրողության հիման վրա, որը կա ներկայումս։
«Այո, դասականներն ասում են, որ ցանկացած ռազմական գործողություն ավարտվում է բանակցություններով, և, բնականաբար, մենք արդեն ասել ենք, որ պատրաստ կլինենք նման բանակցությունների»,- ընդգծել է Վերշինինը։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան կկարողանան քննարկել միայն այն հարցերն ու նպատակները, որոնք ավելի վաղ հրապարակայնորեն հայտարարել էր ռուսական կողմը։
Մոսկվայի և Կիևի միջև ենթադրյալ բանակցությունների վերաբերյալ դիվանագիտական գերատեսչության ղեկավարի տեղակալը դեռևս այլ մանրամասներ չի հայտնել։