Ջուս. «Ամուսինս 50 կնոջ հետ է ամուսնացել»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրգչուհի Ջուսը ամիսներ առաջ ամուսնացավ։ Tert.am Life–ի հետ զրույցում երգչուհին պատմել է ամուսնու, նրա նախկին կնոջ և դստեր հետ հարաբերությունների մասին։
–Ջուս, ամուսնությունից հետո կյանքդ շա՞տ է փոխվել։
–Ամուսնությունից հետո ներքին աշխարհն է փոխվում։ Ավելի զուսպ եմ դարձել, չնայած դա չի խանգարում բեմական գործունեությանս։ Բեմում, միևնույն է, գժական եմ, բայց կյանքում կարող է ինձ թույլ չտամ այն, ինչ նախկինում կարող էի թույլ տալ, օրինակ՝ լուսանկարներ, գժական պահվածք։
–Ամուսնուդ խստությո՞ւնն է պատճառը։
–Չգիտեմ, ես ոչ թե արհեստական փոխվեցի, այլ այդպես ստացվեց։ Հասկացա, որ հիմա չարժե այդպես անել, պետք է ինձ ուրիշ ձև պահեմ, որովհետև արդեն սիրուն չի լինի։
–Սկեսուրդ քեզ չի ընդունում։ Ընտանեկան այսպիսի խնդիրը հաճախ անդրադառնում է նաև զույգի հարաբերության վրա։ Ի՞նչ ազդեցություն ունի դա քո և Վահագնի հարաբերությունների վրա։ Փորձո՞ւմ ես կարգավորել այդ հարաբերությունները։
–Մենք չենք սիրում խոսել այդ մասին, առավել ևս՝ ամուսինս, դրա համար մեզ համար այդ թեման փակ է, առաջ չենք տանում։
–Իսկ ամուսնուդ դստեր հետ ի՞նչ հարաբերություններ ունես։
–Նորմալ։
–Գալի՞ս է ձեր տուն, երեքով ինչ–որ տեղեր գնո՞ւմ եք։
–Այդքան էլ հաճախ չէ, որովհետև ամուսինս ինքն է ավելի հաճախ գնում երեխային տեսնելու։ Առանց ինձ է գնում, որովհետև ես չեմ ուզում ոչ մի հարաբերություն ունենալ իր առաջին կնոջ հետ։
–Կոնֆլի՞կտ եք ունեցել։
–Ես իրեն ընդհանրապես չեմ ընդունում, բայց երեխային, իհարկե, ընդունում եմ։ Շատ լավն է։ Ես էլ եմ Վահագնին ասում, որ միշտ պետք է երեխայի հետ տեղ գնա, ժամանակ անցկացնի։
–Քեզ ընդունո՞ւմ է՝ որպես իր հոր երկրորդ կին։
–Ինքը դեռ փոքր է՝ 9 տարեկան։ Չենք խոսել այդ մասին, բայց ինձ հետ շատ լավ է։
–Դու արդեն հասուն կին ես, մտածո՞ւմ ես մայրանալու մասին։
–Իհարկե։ Ես միշտ զգացել եմ մայրանալու կարիք, հիմա՝ առավել ևս։ Հիմա մեր տան հարցն ենք կարգավորում, վարձով ենք ապրում, բայց շուտով կգնենք մեր բնակարանը։ Ուզում ենք ավելի արագացել այդ հարցը, տուն լինի, որ երեխան մեր տան մեջ ապրի։
–Վերջերս ոճային մեծ փոփոխություն արեցիր՝ հրաժարվեցիր երկար վարսերիցդ։ Ասում են՝ կանայք նման փոփոխության են գնում, երբ դեպրեսիայի մեջ են լինում։
–Չէ, նման բան չի եղել։ Ուղղակի ես սիրում եմ կտրուկ փոփոխություններ անել։
–Ամուսինդ ինչպե՞ս է արձագանքում դրան։
Ինչ վերաբերում է հագուստիս, ոճիս, ինքն է փոփոխում։ Մազերիս դեպքում իմ ոճաբան Սերժ Հարությունյանն է որոշում։ Ամուսինս միշտ վերջում է իմանում՝ ինչ եմ արել, որովհետև ես էլ չգիտեմ՝ արդյունքն ինչ է լինելու։
Ամուսինս նորմալ է արձագանքում այդ փոփոխություններին։ Առաջ իր մոտ շոկ էր, հիմա սովոր է, որ ես կարող եմ դառնալ լրիվ այլ մարդ։ Կարելի է ասել՝ ինքը մի քանի կին ունի՝ ամուսնացել է 50 կնոջ հետ։ Ինձ ասում է՝ միշտ նորովի ես։ Դա լավ է, չի հոգնում նույնից։
–Մյուս հարցերում խորհրդակցո՞ւմ ես իր հետ։
–Հագուստի, ֆոտոշարքերի, տեսահոլովակների հարցերում, իհարկե, խորհրդակցում եմ։
–Կանայք ավելի կամակոր են։ Ի վերջո, իր ասա՞ծն ես անում, թե՞ այն, ինչ ուզում ես։
–Եթե ամուսինս ասում է այնպիսի բան, որն ինձ մոտ է, իհարկե, ընդունում եմ։ Եթե տեսնում եմ, որ հեռու է ինձնից, անում եմ այն, ինչ ես եմ զգում՝ կրկին՝ իր հետ խորհրդակցելով։
Հարցազրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի