Ուժեղ քամին ինչ վնասներ է հասցրել Գեղարքունիքի դպրոցների շենքերին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ գրելով հետևյալը.
«Ուժեղ քամին զգալի վնասներ է հասցրել Գեղարքունիքի մարզի հանրակրթական 7 դպրոցների շենքերին
2023 թվականի մարտի 5-ի գիշերվա և մարտի 6-ի ցերեկային ժամերի ընթացքում գրանցված ուժեղ քամիների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիկի թիվ 2 հիմնական, Ծովագյուղի, Սեմյոնովկայի, Կարճաղբյուրի, Շատվանի, Այգուտի և Գեղամավանի միջնակարգ դպրոցների տանիքները։
Դպրոցների տնօրեններին հանձնարարել եմ հնարավորինս արագ կազմել շինարարական թերությունների ակտերը և ներկայացնել Գեղարքունիքի մարզպետարան։
Դպրոցներին հասցված վնասների վերականգնման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»։