Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա, այցի ժամկետների մասին հակասական տեղեկություններ կան: Թիմակիցներից ոմանք վստահեցնում են, որ մեկ շաբաթ առաջ է մեկնել, ոմանք ասում են` ավելի վաղ։
Գերմանիա մեկնելու պաշտոնական բացատրությունը բուժումն է, սակայն մերձավորները վստահեցնում են, որ լուրջ խնդիրներ չունի։ Բայց որոշել է 2 ամիս մնալ արտերկրում` հավանաբար, «հոգնել» է քաղաքական պայքարից: Մենք փորձեցինք պաշտոնական տեղեկատվություն ստանալ, սակայն նրա գրասենյակի նորանշանակ ղեկավար Բագրատ Միկոյանն անպատասխան թողեց մեր զանգերը։
Նշենք, որ դատաքննությունը, որին մասնակցում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, թեեւ, ըստ էության, սպառված է եւ մտել է փակուղի, բայց երկարատեւ ընդմիջումներով դեռ շարունակվում է: Վերջին նիստը կայացել է մարտի սկզբին, սակայն հունվարի 31-ից հետո Քոչարյանը ոչ մի նիստի չի մասնակցել` առողջական խնդիրների պատճառաբանությամբ: Հաջորդ նիստը նշանակված է ապրիլի 18-ին»: