Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորումը միջազգային երաշխիքների կարիք կունենա. Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը միջազգային երաշխիքների կարիք կունենա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ Այս ամբողջ կարգավորումը, նրա խոսքով, այսպես թե այնպես, միջազգային երաշխիքների, վեճերի լուծման կոնկրետ գործող մեխանիզմների կարիք կունենա:
«Կարծում եմ՝ տեղում կպահանջվի միջազգային հանրության ներկայացուցիչների ներկայություն, մասնավորապես, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայություն։ Ադրբեջանի հռետորաբանությունն ու ագրեսիվ քաղաքականությունը հստակ ցույց են տալիս, որ խաղաղապահ զորախմբի անհրաժեշտություն կա նույնիսկ Լեռնային Ղարաբաղում»,-ասաց ԱԳ նախարարը։ Միջազգային հանրության համար, նրա խոսքով, կա գործունեության բավականին լայն սպեկտր։ Ընդ որում, դա վերաբերում է ինչպես կարգավորման գործընթացին, այնպես էլ ապագային ։