Արցախի գրողների միության նախագահ է ընտրվել Նորեկ Գասպարյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱպրիլի 15-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի է ունեցել Արցախի գրողների միության արտահերթ համագումարը, որը նախագահում էր գրական ընտանիքի նահապետ, բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանը։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մինչ օրակարգային հարցերին քննարկումը ներկաները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմներում նահատակված հայրենյաց պաշտպանների հիշատակին։
Գրական ընտանիքը լռության րոպեով հարգել է նաեւ վերջերս կյանքից հեռացած ԱԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի հիշատակը։
Արտահերթ համագումարի օրակարգում ընդգրկված էին Արցախի գրողների միության նախագահի, վարչության և վերստուգիչ հանձնաժողովի ընտրության հարցերը: ԳՄ նախագահի թեկնածուներ են առաջադրվել Կիմ Գաբրիելյանը եւ Նորեկ Գասպարյանը։ Փակ գաղտնի քվեարկությանը Կիմ Գաբրիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19 պատվիրակ, իսկ 26-ը` Նորեկ Գասպարյանի օգտին, ով ընտրվել է Արցախի գրողների միության նախագահ:
«Համատեղ ուժերով ամեն ինչ անելու ենք, որպեսզի Գրողների միության գրական քաղաքականությունը բավականին ընդգծված լինի և ինչքան հնարավոր է բարձրացնի գրողի հեղինակությունը»,- ասաց Նորեկ Գասպարյանը:
Այնուհետեւ համագումարն ընտրել է վարչության նոր կազմ` բաղկացած 10 անդամից, ինչպես նաեւ վերստուգիչ հանձնաժողով: