Թանգարանների միջազգային օրվա առթիվ Արցախում մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն
ՄՇԱԿՈՒՅԹայիսի 18-ին և 20-ին «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրերի շրջանակներում Արցախում մի շարք միջոցառումներ են նախատեսվում:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացրել են, որ Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակում մայիսի 18-ին ժամը 12:00-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում նախատեսվում է «Արցախյան գորգերի առեղծվածը» խորագրով ցուցահանդես:
Մայիսի 20-ին՝ ժամը 15:00-ին, կանցկացվի կարպետագործության դասընթաց:
Ստեփանակերտի պատկերասրահում մայիսի 18-ին՝ ժամը 16:00-ին տեղի կունենա «Հիշողության պահապանները» խորագրով ցուցադրություն, «Բացահայտենք արվեստը» թեմայով ինտելեկտուալ խաղ:
Նույն օրը՝ ժամը 19:00-ին Ստեփանակերտում կկայանա Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի նոր հավաքածուի ցուցադրությունը: Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարանի կողմից մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ին, կկազմակերպվի
«Թանգարանային արժեքների պահպանման խնդիրն աղետների ժամանակ» թեմայով դասախոսություն:
Մայիսի 20-ին՝ ժամը 20:00-ին, Ստեփանակերտում նախատեսված է Արցախի պետական երգչախմբի համերգը «Երաժշտության գույները» խորագրով:
Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանում մայիսի 18-ին՝ ժամը 15:00-ին, տեղի է ունենալու «Ասկերանի պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով դասախոսություն, իսկ մայիսի 20-ին՝ «Եղեռն՝ եղեռնից հետո» թեմայով:
Մարտունու պատմաերկրագիտական թանգարանում դասախոսությունը կլինի
«Հայկական խաչքարերը որպես մեր ինքնության վկաներ» թեմայով՝ մայիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, իսկ մայիսի 20-ին «Արցախյան ազգագրություն» թեմայով՝ ժամը 15:00-ին:
Բերդաշենի պատմաերկրագիտական թանգարանում էլ կայանալու է «Բերդաշենի հնավայրերը» թեմայով դասախոսություն՝ մայիսի 18-ին՝ ժամը 15:00-ին, իսկ մայիսի 20-ին՝ «Սահման դարձած իմ Բերդաշեն» թեմայով:
Նույն օրը Կոլխոզաշենի պատմաերկրագիտական թանգարանում դասախոսությունը «Ամարասը հայ դպրության կենտրոն» թեմայով է՝ ժամը 14:00-ին, իսկ մայիսի 20-ին՝ «Մեր գյուղի սրբավայրերը» թեմայով՝ ժամը 15:00-ին:
Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում էլ տեղի կունենա «Մարտակերտի մարդակերպ կոթողները» խորագրով ցուցադրություն և դասախոսություն՝ ժամը 14:00-ին, իսկ մայիսի 20-ին «Ազգային ուտեստ» թեմայով դասախոսություն-միջոցառում՝ ժամը 15:00-ին: