Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել կարող են փորձել ընդունվել ճեմարան. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
ՄՇԱԿՈՒՅԹԵթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել Հոգևոր ճեմարան, եթե, իհարկե , հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ:
Այս մասին ասել է Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ի պատասխան NEWS.am-ի հարցման, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր, եթե եկեղեցին ուզում է զբաղվել քաղաքականությամբ, թող կուսակցություն ստեղծի:
Նշենք, որ նախօրեին Փաշինյանը Տավուշում աղմկահարույց հայտարարություն էր արել ասելով. «Բայց կա նաև հետևյալ հանգամանքը. եթե եկեղեցին ուզում է քաղաքական գործունեություն ծավալել, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, կարող է նաև քաղաքական գործունեություն ծավալել, ոչ մի բան չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն ու դրա շրջանակներում նաև քաղաքական գործունեություն ծավալեն, ինչը, կարծում եմ, ավելի ազնիվ կլինի եւ ընտրողների առաջ էլ, եւ այլ քաղաքական մրցակիցների հետ էլ կլինեն նույն հարթության վրա»: