Ճապոնիան եւ ՆԱՏՕ-ն կբարձրացնեն համագործակցության մակարդակը Չինաստանին եւ ՌԴ-ին դիմակայելու համար. Nikkei Asia
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիան արդեն այս ամռան սկզբին նախատեսում է ընդունել նոր փաստաթուղթ, որը կխորացնի գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ եւ կապահովի փոխգործակցության ընդհանուր հիմք Ռուսաստանի եւ Չինաստանի հետ դիմակայությունում, որոնք ամրապնդում են իրենց սեփական ռազմական համագործակցությունը, գրել է Nikkei Asia-ն։
Չնայած Ճապոնիան 31 երկրից բաղկացած հավաքական պաշտպանական դաշինքի պաշտոնական անդամ չէ, այն «գլոբալ գործընկեր» է հանդիսանում։ Անհատական գործընկերության եւ համագործակցության ծրագիրը, որը ստորագրել են Տոկիոն եւ ՆԱՏՕ-ն 2014թ., վերաբերում է մի քանի կոնկրետ ոլորտների, ինչպիսին են անվտանգությունը ծովում եւ հումանիտար օգնությունը, բայց ռազմական համագործակցությունը դուրս է դրա շրջանակից։
Նախատեսվում է մշակել անհատական գործընկերության ծրագիր, որը կկատարելագործի այդ համաձայնագիրը։ Փորձ է արվում այն հրապարակման պատրաստել Լիտվայի գագաթաժողովում այս տարվա հուլիսին, նշել է ԶԼՄ-ն։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հրավիրվել է հանդիպմանը, որտեղ ներկայացնելու է Ճապոնիայի դիրքորոշումը Ուկրաինային աջակցության վերաբերյալ։ Սպասվում է, որ ՆԱՏՕ-ն կհաստատի 2024թ. Տոկիոյում Արեւելյան Ասիայի հետ կապի իր առաջին գրասենյակի բացման պլանները։
Կիսիդան մասնակցել է Մադրիդի գագաթաժողովին անցած տարվա հունիսին, որն առաջինն էր Ճապոնիայի վարչապետի համար։
Թարմացված գործընկերությունն ուղղված կլինի այն բանին, որ երկու կողմերը մեկ գծի վրա լինեն Ռուսաստանի եւ Չինաստանի հարցում։ Վերջին քաղաքական փաստաթղթերը ցույց են տալիս, որ առաջինն անվանվում է «սպառնալիք, երկրորդը՝ «մարտահրավեր» միջազգային կարգին։
Համաձայնագրում նաեւ կնշվեն կիբեռ- եւ տիեզերական ոլորտները, որոնց հանդեպ ուշադիր են նաեւ Պեկինն ու Մոսկվան։
ՆԱՏՕ-ն կիբեռպաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է իրականացնում դաշինքի անդամների եւ գործընկերների հետ, նախատեսում է գործնական վարժանքներ անցկացնել նաեւ Ճապոնիայի հետ՝ Ասիայում կիբեռանվտանգության պոտենցիալը բարձրացնելու համար։
Դաշինքը ձգտում է համակարգել իր գործողությունները Ճապոնիայի հետ՝ տեղեկատվության փոխանակմամբ, որպեսզի գոյություն ունեցող պաշտպանական կառույցները չչեզոքացվեն այնպիսի առաջավոր տեխնոլոգիաներով, ինչպիսին են արհեստական բանականությունը, կենսատեխնոլոգիաները եւ քվանտային հաշվարկները։
Ուկրաինա ռուսական զորքերի մտնելուց հետո Կիսիդան հայտարարել էր, որ ստատուս-քվոն միակողմանի փոխելու փորձերը կարող են տեղի ունենալ աշխարհի ցանկացած կետում։ Ճապոնիան վերանայում է գործընկերային հարաբերություններն անվտանգության ոլորտում ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ ընդհանուր արժեքներ ունեցող այլ երկրների հետ, եւ ՆԱՏՕ եվրոպական անդամներ կենտրոնական տեղ ունեն այդ ջանքերում։
Չնայած ճապոնա-եվրոպական ցամաքային, ծովային եւ օդային համատեղ գործողություններին խանգարում է աշխարհագրությունը, ավելի խոր կապերն անվտանգության ոլորտում նշանակալի են դարձել Ուկրաինայում հակամարտությունից հետո, որը բարձրացրել է իրազեկվածությունը կիբեռ- եւ տիեզերական, էլեկտրամագնիսական պատերազմի մասին՝ որպես ոլորտներ, որոնք չեն ենթարկվել նման սահմանափակումների։