Անկլավների վերաբերյալ տարբեր տարբերակներ են քննարկվում. այս պահին որևէ լուծում չկա. Արայիկ Հարությունյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵս իմ անմիջական ղեկավարի տեսակետները կիսում եմ, եթե չկիսեի այդ քաղաքական թիմում չէի լինի: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե կիսո՞ւմ է վարչապետի տեսակետները եւ Արցախի վերաբերյալ, եւ անկլավների վերաբերյալ:
Նա հավելեց, որ Քիշնեւի բանակցությունների մասին ոչինչ չի կարող ասել, որովհետեւ պատվիրակությունը ուշ է վերադարձել, տեղեկություններ դեռ չունի:
Հարցին, թե ինչպիսին է իր տեսակետը Տիգրանաշենի մասով, կարծում է, որ այն պետք է տրվի Ադրբեջանին տեղը ստանալով Արծվաշե՞նը, թե ամեն ինչ մնա այնպես, ինչպես հիմա կա, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ հարցերին վարչապետն ամբողջական պատասխան տվել է, ավելացնելու բան չունեմ: Տարբեր տարբերակներ են քննարկվում, այս պահին որեւէ լուծում չկա, որից պետք է անհանգստանալ, կամ՝ ոչ»:
Հարությունյանը հերքեց լուրն այն մասին, թե, կառավարությունում խաղաղության պայմանագրի վերաբերյալ փաստաթուղթ է շրջանառվում. «Չկա նման փաստաթուղթ: Ես տեսել եմ այդ տեղեկությունը, թե իբր վարչության պետ են դրա համար հեռացրել: Դա աբուսրդ է, սուտ, կեղծիք: Նա ազատվել է սեփական դիմումի համաձայն»: