Չենք համարում, որ գնաճի դեմ մեր պայքարն ավարտված է, այս տարի այն կլինի թիրախից ցածր. ԿԲ նախագահ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄենք չենք համարում, որ գնաճի դեմ պայքարը ավարտված է, դրա համար ավելի զուսպ ենք իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 0.25 տոկոսային կետով։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Այդ պատճառով նաև մենք տոկոսադրույքն իջեցրել ենք 0.25 տոկոսային կետով, քանի որ կարծում ենք, որ գնաճի որոշակիորեն մեղմում կա։ Ներմուծվող ապրանքների առումով ունենք կտրուկ գնանկում, սակայն մյուս կողմից կան ծառայություններ, որոնց գները չեն նահանջում։ Հենց դա էլ մեզ մտահոգում է»,– նշեց ԿԲ նախագահը։
Ըստ նրա` գնաճը հիմնականում պայմանավորված է եղել պահանջարկով. անցած տարի ունեցել ենք միջազգային այցելուների ներհոսք, և արդյունքում մինչև հիմա հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների ոլորտն ունի 8.7 տոկոս աճ։ Անդրադառնալով ԿԲ կանխատեսումներին, Մարտին Գալստյանը նշեց, որ գնաճն այս տարի կլինի թիրախի ցածր. «Դա մեր պատկերացմամբ խելամիտ քաղաքականություն է, որովհետեւ երկու տարի անընդմեջ բարձր գնաճ ունենալուց հետո պետք է լինի ժամանակ, երբ ԿԲ-ն իրականացնելու է դիզինֆլյացիոն քաղաքականություն: Կարծում եմ՝ չարժե, որ ԿԲ-ի նախագահը փոխարժեքի կամ տոկոսադրույքի ապագա հետագծի վերաբերյալ կանխատեսումներ անի»:
ԿԲ նախագահի կարծիքով` այս տարի ևս ծառայությունների ու շինարարության ոլորտները շարունակելու են աճել, արդյունաբերության աճը կլինի 6 տոկոսից մի փոքր ավել, գյուղատնտեսությունն ունենալու է փոքր դրական աճ:
Հիշցենենք՝ ՀՀ ԿԲ–ն հունիսի 13–ի նիստում նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25%-ով ՝ 10.75%-ից հասցնելով 10.5%-ի: