«Հավերժություն» ներկայացման առաջնախաղը Հայաստանում տեղի կունենա հունիսի 28-ին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՄեկ տարի առաջ Ֆրանսիայի Մարսել քաղաքի Կոնգրեսի պալատում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բեմադրված «Հավերժություն» ներկայացման առաջնախաղը: Այն բուռն արձագանքի արժանացավ ոչ միայն Մարսելում, այլ հայաշատ այլ երկրներում նույնպես, որից հետո որոշում կայացվեց ներկայացումը ցուցադրել նաև Հայաստանում:
Եվ արդեն մի քանի օրից՝ հունիսի 28-ին՝ ժամը 19.00-ին, հայ հանդիսատեսն արդեն հնարավորություն կունենա վայելել «Հավերժություն» ներկայացումը, որը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Նարեկ» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար, «Գրիգոր Նարեկացի» շքանշանակիր Արման Ջուլհակյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ նման մեծակտավ ներկայացում բեմադրելու առաջարկն ստացվել է Պատրիկ Մալաքյանի՝ Անրի Վեռնոյի որդու կողմից, ով նաև Մարսելի Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավարն է:
Ներկայացումը բեմադրելուց մեկ տարի առաջ երջանիկ պատահականությամբ Պատրիկ Մալաքյանը ներկա է գտնվել Հայ առաքելական եկեղեցու և Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանու ներքո գործող Նորքի հայորդաց տան միջոցառմանը: Հետագայում, վերադառնալով Մարսել, նա հայորդաց տան տնօրինությանն առաջարկել է համատեղ ջանքերով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ներկայացում բեմադրել:
Նախագիծը կյանքի է կոչվել հայորդաց տան հովանու ներքո գործող «Նարեկ» պարային դպրոցի, Գևորգ Գինոսյանի կրկեսային դպրոցի, «Հայկազունք» ազգագրական երգի-պարի համույթի սաների շնորհիվ: Ներկայացումը բեմադրվել է Դրամատիկական թատրոնի երկրորդ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի և նշված խմբերի ղեկավարների համատեղ ջանքերի շնորհիվ, որին մասնակցել է նաև հրավիրված մեներգչուհի Լիզա Երեմյանը:
«Արդյունքում նախադեպը չունեցող ներկայացում ստացվեց, որը տարբեր արվեստների սինթեզ է: Այն պատմում է, թե ինչպես է Նոյի տապանն իջել Արարատ լեռան վրա, որից հետո անցնելով հայազգի անցած բոլոր արհավիրքների միջով հանգում է հաղթական Հայաստանի օրերին և ավարտվում հավերժությունը խորհրդանշող տեսարաններով»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց ներկայացման բալետմայստեր Արման Ջուլհակյանը:
Ստեղծագործական խումբը ներկայում զբաղված է մեկ այլ ներկայացման բեմադրությամբ, որի առաջարկն ստացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նյույորքյան մասնաճյուղի կողմից: Նոր ներկայացումը վերնագրվել է «Հոգիս», որի առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին՝ Նյու Յորքի «Սիթի Սենթըր» սրահում:
«Այս նախագծի ղեկավարը կրկին Պատրիկ Մալաքյանն է, որտեղ նույնպես զբաղվածություն ունեն Նորքի հայորդաց տան բոլոր այն խմբերը, որոնք զբաղված էին նաև նախորդ ներկայացման ժամանակ: Ներկայացման ռեժիսորը կրկին Գրիգոր Խաչատրյանն է, սակայն այս ներկայացման ժամանակ մեզ կմիանա նաև «Թումո» կենտրոնն իր նոր տեխնոլոգիաներով»,- ասաց Արման Ջուլհակյանը:
Ա. Ջուլհակյանը կարևորում է, որ ծրագրիրը շարունակական բնույթ է կրում և հույս ունի, որ առաջիկայում նույնպես նոր նախագծեր կիրականացվեն:
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ նման հզոր ծրագրերի իրականացման հարցում իրենց ներդրումն ունեն նաև Նորքի հայորդաց տան տնօրեն Աիդա Անդրեասյանը և բոլոր այն խմբերի ղեկավարները, որոնք գործում են հայորդաց տան հովանու ներքո, մասնավորապես, կրկեսային դպրոցի ղեկավար Ավետիս Գինոսյանը, «Հայկազունք» երգի-պարի համույթի ղեկավար Գայանե Գրիգորյանը, փորձավարներ Մարիաննա Տեր-Ավագյանը, Ադելաիդա Ներսիսյանը, Մելինե Առաքելյանը: Իսկ հասարակության հետ կապերի և տեղեկատվության տարածման հարցերում նրանց օգնում է Արմեն Թադևոսյանը:
Ի դեպ, հունիսի 28-ի ներկայացման տոմսեր ձեռք բերելու համար կարող եք զանգահարել (010) 666005, 667760 հեռախոսահամարներով:
Արմինե Գրիգորյան