Անկանխիկ գործառնության ստվերոտ կողմերը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ամբողջ աշխարհում մեծանում է անկանխիկ գործարքների մասնաբաժինը։ Երկրներ կան, որոնք շատ լուրջ առաջընթաց են գրանցել կանխիկ գումարի կիրառման կրճատման ուղղությամբ։ Օրինակ՝ Շվեդիայում վճարումների ընդամենը 12-13 %–ն է իրականացվում կանխիկ գումարով, իսկ սա նշանակում է, որ Շվեդիան ունի համապատասխան տեխնիկական համակարգեր, որոնք օգտագործվում են անկանխիկ գործարքների անխափան իրականացումն ապահովելու համար։ Երկրներ էլ կան, որ լրջորեն աշխատում են թվային արժույթի ստեղծման ուղղությամբ։ Օրինակ՝ Չինաստանը փորձարկում է թվային յուանը, ինչը բազմաթիվ առավելություններ կարող է հաղորդել չինական արժույթին։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տևական ժամանակ է, ինչ մեր երկրում կանխիկի շրջանառության նվազեցումը կառավարության օրակարգում է։ Իհարկե, փողի անկանխիկ շրջանառությունն ունի բազմաթիվ դրական կողմեր, հատկապես կարող է նպաստել ստվերի կրճատմանը, բայց մեզանում անկանխիկին անցումը շատ դեպքերում տեղի է ունենում ստիպողաբար ու արհեստականորեն՝ առանց անհրաժեշտ պայմաններ ապահովելու։ Բազմաթիվ տնտեսվարողներ՝ հատկապես մարզերում, անկանխիկ վճարումներով գործարքներ կատարելու հնարավորություն չունեն, մյուս կողմից էլ՝ բազմաթիվ քաղաքացիներ՝ հատկապես տարիքով մարդիկ, չեն ընտելացել անկանխիկ գործարքներին։ Սակայն այս ամենը չի խանգարում, որ իշխանությունները փորձեն առաջ շարժվել կտրուկ քայլերի միջոցով։
Օրինակ՝ Փաշինյանը միանգամից երեք ամիս ժամանակ է տալիս, որպեսզի պետական հիմնարկներում լիովին բացառվի կանխիկի շրջանառությունը և մարդիկ ֆիզիկապես չկպնեն թղթադրամին։ Եթե կանխիկ վճարումը պետական հիմնարկներում բացառվում է, ապա դա նշանակում է, որ լիովին անցում է կատարվում անկանխիկի։ Բայց արդյո՞ք դա խնդիրներ չի ստեղծի հատկապես այն պայմաններում, երբ բազմաթիվ մարդիկ առանց օգնության անգամ վճարային համակարգերից ու հավելվածներից օգտվել չեն կարողանում։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը տաքսիներում կանխիկի շրջանառությունը կրճատելու, ավելին՝ վերացնելու խնդիր է դնում։ Ընդ որում, նա կարևորում է տաքսիներում POS-տերմինալներ տեղադրելու կամ հավելվածների միջոցով վճարումներ կատարելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ եթե անկանխիկ եղանակով վճարում կատարելու հնարավորություն չկա, ապա շահառուն էլ կարող է չվճարել: Բայց այսպիսի քայլով իշխանություններն առաջին հերթին արտոնյալ պայմաններ են ստեղծում խոշոր ծառայությունների համար, որոնք համապատասխան հավելվածներ գործարկելու հնարավորություն ունեն։
Առանց այն էլ խոշոր տաքսի ծառայությունների գործունեության արդյունքում բազմաթիվ փոքր ու միջին տաքսի ծառայություններ են փակվել։ Առավել ևս՝ այս նախաձեռնությամբ անհատ տաքսիների համար ստեղծվում են դժվարություններ, քանի որ բազմաթիվ վարորդներ, ովքեր ընդամենը օրվա հացը վաստակելու խնդիր են լուծում, ուղղակի չեն տիրապետում անկանխիկ վճարումների անվտանգությանը վերաբերող կանոններին։ Բացի այդ, եթե տաքսի ծառայությունների համար անկանխիկ վճարումները դառնում են համատարած, խնդիրներ կարող են ստեղծվել հատկապես մարզերում, որտեղ դեռ պետք է լուծել համապատասխան վճարային համակարգերի ու որակյալ կապի հասանելիության խնդիրները։ Կանխիկի կրճատման տրամաբանությունից ելնելով՝ իշխանությունների կողմից որոշում է ընդունվել նաև առցանց կազինոների հետ կապված։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղերի նկատմամբ հակում ունեցող մարդիկ կանխիկով տերմինալներից գումար էին գցում էլեկտրոնային դրամապանակներ, ապա հիմա կառավարությունը որոշել է, որ դրամապանակները չեն կարող կանխիկ լիցքավորվել, այլ կարող են լիցքավորվել միայն անկանխիկ և միայն սեփականատիրոջ հաշվից: Սա գուցե նորմալ է: Բայց արդյոք անկանխիկ լիցքավորումը լուծելո՞ւ է այն խնդիրը, որ մարդիկ իրենց հաշիվներից մեծ չափերի խաղադրույքներ չանեն։
Միանշանակ չի լուծելու, քանի որ հիմա էլ խաղադրույքներն անկանխիկ կարվեն։ Այլ հարց է, եթե, օրինակ՝ կառավարությունը որոշակի շեմ նախատեսեր, թե տվյալ քաղաքացին իր եկամուտներից որքան գումար խաղադրույք կատարելու հնարավորություն կունենա։ Անկանխիկին անցնելուն ուղղված քայլերին զուգահեռ չի կարելի թերագնահատել նաև կանխիկի շրջանառության կարևորությունը և հիվանդագին պայքար մղել կանխիկի դեմ, քանի որ եթե տարբեր պատճառներով կապի ու տեխնոլոգիական հասանելիության խնդիր առաջանա, ապա անկանխիկ վճարումների դժվարությունները կարող են ուղղակի խուճապի առաջացման պատճառ դառնալ։ Կարևոր է նաև անվտանգային բաղադրիչի նշանակությունը, քանի որ փողի անկանխիկ շրջանառության ավելացմանը զուգահեռ, լայն դաշտ է բացվել հաքերների, առցանց հանցագործների ու խաբեբաների համար։
Առաջին հերթին խնդիր է, որ քաղաքացիները չեն տիրապետում անվտանգային կանոններին, օրինակ՝ իրենց քարտի տվյալները հեշտությամբ կարող են տրամադրել ուրիշներին, իսկ երկրորդ հերթին՝ չկա համապատասխան անվտանգային պաշտպանության համակարգ։ Դրա համար էլ վերջին շրջանում հաճախակի են առցանց հափշտակությունների դեպքերը։ Մյուս կողմից էլ՝ ամբողջովին անկանխիկ գործառնությունների անցնելը կարող է ռիսկեր պարունակել մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից հատկապես այն պարագայում, երբ տվյալ պետության իշխանությունները հակված են քաղաքական բռնաճնշումների գործելակերպին։ Պատահական չէ, որ ժողովրդավարական երկրներում այս թեման լուրջ քննարկման առարկա է դարձել։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում