Իրավապահ համակարգը աչք է փակում Դիլիջանում ՔՊ-ականների ծեծի գործով. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իրավապահ համակարգը աչք է փակում Դիլիջանում ՔՊ-ականների ծեծի գործով։
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե դատախազությունը արդյոք ընթացք տվել է Դիլիջանում ՔՊ-ականների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի միջադեպին: Ի պատասխան մեր հարցմանը՝ հայտնեցին, որ քրեական վարույթ նախաձեռնված չէ։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ՔՊ-ականները իրենց դիլիջանյան հավաքի ժամանակ ծեծկռտուք էին սկսել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ երբ դրսում ՔՊ-ականները հավաքվել զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելուց է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթեւոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարեւել: Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը:
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթեւոսյանին, թե որ անցնում է ինչու չի բարեւում: Մաթեւոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարեւում, ինչից հետո մարզպետն ու համայնքապետը հարձակվել են իրար վրա ու ծեծել միմյանց: Միջադեպին արդեն խառնվել է ողջ ՔՊ-ական թեւը ու ցրել «կռվարարներին»: Դիլիջանում տեղի ունեցած ծեծկռտուքի հաջորդ օրը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը որոշել է հաշիվներ պարզել Արմավիրի մարզպետի հետ:
Սերգեյ Բագրատյանը համարվում է Վայքի համայնքապետ Մխիթար Մաթեւոսյանի հովանավորը, քանի որ Բագրատյանն է նրան այդ պաշտոնում երաշխավորել, նշանակել: Երբ գիշերը Բագրատյանին պատմել են, որ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի հետ վիճաբանել է քաղաքապետ Մաթեւոսյանը, ինչի արդյունքում ծեծկռտուք է սկսվել, պատգամավոր Բագրատյանը որոշել է անձամբ գնալ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ ու պարզել, թե ինչու է հայհոյել Վայքի համայնքապետին:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ թեժ խոսակցություն է եղել, որից հետո Բագրատյանը հեռացել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում