Մշակութային վանդալիզմը հատկապես սաստիկ է Շուշիում. Գայանե Բուդաղյան
ՄՇԱԿՈՒՅԹAlpha News-ը գրում է.
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն ու շարունակական ագրեսիային զուգահեռ Ադրբեջանը մշակութային սպանդ է իրականացնում Արցախի օկուպացված տարածքներում: Պետական մակարդակով՝ Բաքվի ուղղորդմամբ և վերահսկմամբ իրականացվող գործողությունները հատկապես անզուսպ են Շուշիում, որը հռչակվել է «իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք» :
«Այն մասին, ինչ կատարվում է հայկական հուշարձանների հետ Արցախի գրավյալ տարածքներում, մենք տեղեկանում ենք, մեծամասամբ, ադրբեջանական աղբյուրներից»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Արցախի Հանրապետության պատմական միջավայրի պահպանության Հադրութի շրջանային պետական ծառայության նախկին պետ Գայանե Բուդաղյանը:
Նրա խոսքով, եթե պատերազմից անմիջապես հետո ադրբեջանցի զինվորականները հենց իրենք էին տեղադրում ոչնչացրած հայկական հուշարձանների նկարները, ապա հիմա Ադրբեջանն այդ հարցում ավելի զգուշավոր է: Բուդաղյանն ընդգծում է՝ միջազգային հանրույթի և համապատասխան կառույցների արձագանքից հետո Ադրբեջանի ձեռագիրը փոխվել է, բայց կրկին ոչ ի օգուտ մեզ:
Այժմ մշակութային սպանդն իրականացվում է պետության՝ Բաքվի ուղղորդմամբ և վերահսկմամբ: Արցախի գրավյալ տարածքներում նույն Բաքվի ուղղորդմամբ, վերջին մեկ ամսում ոչնչացվեց Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի «Հալիվորի կամուրջը»:
«Դա արձանագրել են Կովկասյան ժառանգության մշտադիտարկման խմբի ֆրանսիացի անդամները: Արբանյակային լուսանկարով հստակ երևում է, որ կամուրջը չկա»,- ասում է Բուդաղյանը և հավելում՝ այն քանդվել է կամրջի կողքին իրականացվող ճանապարհաշինության ժամանակ:
Բուդաղյանն ընդգծում է՝ հուշարձան-կամուրջը ուներ հայերեն արձանագրություն, որը թվագրված էր և նշված էր կառուցողի անունը:
«Պատահական չէ, որ Ադրբեջանը, նախևառաջ, արձանագիր վկայություններն է ոչնչացնում»,- շեշտում է նա:
Կան բնակավայրեր, որտեղ թշնամին առանձնակի դաժան է: Հադրութի շրջանային պետական ծառայության նախկին պետի խոսքով, Մեծ Թաղեր գյուղն ամենաշատն է ենթարկվել վանդալիզմի: Թշնամին ամբողջությամբ ոչնչացրել է տեղի գերեզմանատներից մեկը: Բուդաղյանը նկատում է՝ դա կրկին իրականացվել է ճանապարհաշինական աշխատանքի ընթացքում, երբ վերանորոգվում էր Ֆիզուլի-Շուշի ճանապարհահատվածը:
Մասնագետը բացատրում է՝ ավերումների հարցում թշնամին ավելի անզուսպ է՝ հատկապես Շուշիում, քանի որ այն հռչակել է «իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք» :
«2022 թվականի հոկտեմբերի 31-ին Բաքվում կայացած թուրքալեզու պետությունների հոգևոր առաջնորդների հանդիպմանը Շուշին հռչակվեց մահմեդական ժողովուրդների մշակութային կենտրոն»,- հիշեցնում է նա, հավելելով.
«Դժվար չէ պատկերացնել, թե հետագայում ինչ է տեղի ունենալու Շուշիի հայկական ամբողջ մշակութային ժառանգության հետ»:
Նրա խոսքով թշնամին արդեն ձեռնարկել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ձևափոխումը: Իսկ միջազգային կազմակերպությունների արձագանքը՝ հայկական պատմամշակութային ժառանգության զանգվածաբար ոչնչացմանը, հայտարարություններից այն կողմ, ցավոք, չի անցնում:
«UNESCO-ն պատրաստակամություն հայտնեց օկուպացված տարածքներ խումբ ուղարկելու, բայց Ադրբեջանը խոչընդոտեց դրան: Միջազգային կազմակերպության ոչ մի որոշում և փաստաթուղթ մեր հուշարձանների գոյության համար ոչ մի երաշխիք չի կարող լինել, քանի դեռ այնտեղ չի հայ մարդը, ով այդ ժառանգության կրողն ու ստեղծողն է»,- արձանագրում է Բուդաղյանը:
Նա նույնիսկ համոզված չէ, թե ապագայում Ադրբեջանը թույլ կտա, որ ռուս խաղաղապահների հսկողությամբ, հայ հոգևորականները շարունակեն իրենց ծառայությունը Դադիվանքանքի վանական համալիրում: Ըստ տարբեր աղբյուրների, շուրջ 2000 անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք ու եկեղեցի, շուրջ 600 խաչքար Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական տարածքներում ոչնչացման սպառնալիքի տակ են։