Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը թանկարժեք ժամացույց է նվեր ստացել. ինչ ունեցվածք ունի նա. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նա ունի համատեղ սեփականությամբ երկու բնակարան, որոնք գտնվում են Երեւանում։
Անշարժ գույքերից մեկը ձեռք է բերվել 2000 թվականին, մյուսը՝ 2017 թվականին, սակայն հայտարարագրում այն ձեռք բերելու ձեւը նշված չէ՝ կանխիկ, թե հիփոթեքով: Բացի այս, նա ½ բաժնեմաս ունի մեկ այլ բնակարանից, որը ձեռք է բերվել արդեն 2021 թվականին, և կրկին այն ձեռք բերելու տարբերակի մասին տեղեկություններ առկա չեն։
2022 թվականի մարտից թաղապետի պաշտոնը զբաղեցրած Ռոման Համբարձումյանը բանկում ավանդ ունի, որը տարեվերջի դրությամբ կազմել է 30 հազար դոլար։ Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Համբարձումյանն աշխատել է «Հայփոստ»-ում, «Վեոլիա ջուր» ընկերությունում, նաեւ եղել է Դավթաշեն վարչական շրջանի ավագանու անդամ։
Պաշտոնյան, հայտարարագրի համաձայն, դեռեւս 2017 թվականին 15 հազար դոլարանոց ձեռքի ժամացույց է նվեր ստացել։ Ումից, ինչի դիմաց՝ չի մանրամասնել: Եթե սա լիներ նախկինում, ապա Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռումպացված չինովնիկ, իսկ հիմա լռում է:
Հավելենք, որ անցնող տարվա սկզբում նա իր բանկային հաշիվներին ընդհանուր առմամբ մեկ մլն դրամ գումար է ունեցել, սակայն արդեն տարեվերջին այդ գումարները ծախսված են եղել: Թե ինչի վրա է ծախսել, էլի պարզ չէ, քանի որ ծախսերի մասին որեւէ տեղեկություն հայտարարագրում առկա չէ։
Իսկ, ահա, որպես տարեվերջին առկա կանխիկ գումար, վարչական շրջանի ղեկավարը հայտարարագրել է 41 հազար դոլար, 4500 եվրո եւ 10 մլն դրամ գումար։ Մեկ տարվա ընթացքում նրա եկամուտը կազմել է 8 մլն 433 հազար դրամ, որից 6 մլն դրամը որպես վարչական շրջանի ղեկավարի նրա աշխատավարձն է, իսկ 1 մլն 720 հազար դրամն էլ նա ստացել է Հայփոստից՝ թերեւս էլի որպես աշխատավարձի ինչ-որ մաս:
Հավելենք, որ Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի տեղակալ Կորյուն Մխիթարյանն այս տարվա հունվարին աղմկահարույց պատմության մեջ էր ընկել։ Նրա վրա կրակել էին եւ ոչ թե անձնական խնդիրների պատճառով, այլ քանի որ նա Ռոման Համբարձումյանի տեղակալն է եւ քաղաքացիների հետ հարաբերվել է փողոցային կանոններով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում