Մեկնարկել է Վանաձոր քաղաքի էստակադայի հիմնանորոգումը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Վանաձորի Կ. Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորչի, Մոսկովյան, Խորենացու փողոցներում, հիմնանորոգվում է նաև Վանաձոր քաղաքային համայնքի Նարեկացու փողոց-Կոմիտաս վարդապետի հրապարակ հատվածում գտնվող էստակադան։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Հիմնանորոգվող հատվածների ընդհանուր երկարությունը 6.1 կմ է։ Բոլոր տեղամասերում ներկայում ընթանում են շինարարական աշխատանքներ։ Կատարվում են մայթերի սալարկման, եզրաքարերի տեղադրման, ջրահեռացման համակարգի վերականգնման և այլ աշխատանքներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն օրերս Լոռու մարզ կատարած այցելության ընթացքում եղել է նաև Վանաձորում և ծանոթացել տարվող աշխատանքների ընթացքին։ Կապալառու կազմակերպություններին հանձնարարվել է շինաշխատանքները կատարել որակով, և քանի որ շինարարությունն ընթանում է երթևեկությանը զուգահեռ, աշխատանքները կազմակերպելիս անել առավելագույնը՝ երթևեկությանը հնարավորինս քիչ խոչընդոտելու համար։