ՔՊ գլխավոր շտաբը վերանորոգվում է. կուսակցությունում բուռն աշխատանքային է. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած որ ամառային հանգստի շրջան է, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այս օրերը բուռն աշխատանքային են:
Նաեւ վերանորոգումների փուլում են իշխանությունները՝ պայմանավորված աշնանը սպասվող ավագանու ընտրություններով: Այս պահին վերանորոգվում է ՔՊ նախընտրական գլխավոր շտաբը, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շտաբը օգոստոսի սկզբից արդեն պաշտոնապես կգործի: Գլխավոր շտաբը պատրաստ լինելուց հետո արդեն ամեն վարչական շրջանում շտաբներ կբացվեն, եւ կսկսվի բուն քարոզարշավը: Թեեւ խորհրդարանն ավարտել է իր աշխատանքները, բայց ՔՊ-ական պատգամավորներն ամեն շաբաթ վարչության եւ նախաձեռնող խմբի նիստեր են անում, հանդիպումներ կազմակերպում, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ու իրենց քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հետ քննարկում են ավագանու ընտրությունների հետ կապված հարցերը:
Այս ընթացքում ՔՊ-ականների համար օրակարգային է նաեւ ՔՊ նախընտրական շտաբի ղեկավարի՝ Արմեն Փամբուխչյանի տեղակալների հարցը, բայց այդ մասով դեռ վերջնական որոշում չունեն: Բացի սա, այս ընթացքում վերանորոգվում է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը, որը Սայաթ-Նովա պողոտայից տեղափոխվելու է Հանրապետության փողոց՝ Հանրապետական եւ «Դաշնակցություն» կուսակցությունների հարեւանությամբ:
Կարճ ասած, ՔՊ-ն խրոխտ քայլերով գնում է նախկինների ճանապարհով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում