Ուղնուծուծով ահաբեկչական երկիրն ու իր հանցագործ ղեկավարը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին օրերի քննարկումների հիմնական թեմաներից մեկը Հակարիի կամրջի մոտից արցախցի Վագիֆ Խաչատրյանին առևանգելու հարցն է, որին Բաքուն ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներ է առաջադրել։ Սակայն այստեղ խնդիրը նույնիսկ կոնկրետ Խաչատրյանի անձը չէ, հարցն ավելի գլոբալ է և վերաբերում է Ադրբեջանի ահաբեկչական բնույթին ու այդ երկրի ղեկավարի հանցագործ էությանը:
Նորություն չէ, որ Ադրբեջանը ցանկացած պահի նման գործողությունների կարող է դիմել։ Պատերազմից նույնիսկ երկուսուկես տարի անց այդ երկիրը ոչ միայն հրաժարվում է հանձնել գերիներին, այլև Բաքվում նրանց դատում են տարբեր շինծու հոդվածներով։ Ու ընդհանրապես, մարդկանց գերեվարման ու խոշտանգման հարցում Ադրբեջանը մնում է անգերազանցելի։ Անցած տարի նաև ականատես եղանք գերիների դաժան սպանության տեսարանների։ Ներկայում էլ Արցախի 120 հազար բնակչությունն է պատանդ դարձել Բաքվի ձեռքում։ Ադրբեջանը մի երկիր է, որտեղ հերոսի իդեալը խտացված է քնած մարդուն կացնահարածի կերպարի շրջանակներում։ Իսկ հումանիզմը և մարդու իրավունքները Ադրբեջանի համար միշտ էլ մերժված են եղել։
Բաքուն իր բարբարոսական գործելակերպով նույնիսկ գերազանցում է միջնադարյան վայրագությունները ու ընդհանրապես համեմատելի է ամենաահաբեկչական կազմակերպության հետ։ Քաղաքակրթություն ասվածը լիովին խորթ է Բաքվի համար։ Ինչպես հատուկ է ահաբեկչական խմբավորմանը, մարդկանց սպանելը Ադրբեջանի համար «պատվաբեր» գործ է։ Դեռ չենք խոսում հայկական մշակութային հուշարձաններն ու գլուխգործոցները պղծելու և ոչնչացնելու մասին։ Ադրբեջանում հայատյացությունը հասել է հիվանդագին մակարդակի։ Բայց հայատյացությունը միանգամից չի ձևավորվել և տարիների քարոզչության ու հատուկ քաղաքականության արդյունք է, որը տարվել է երկրի ղեկավարության կողմից։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կանգնած է հայատյացությունը պետական քաղաքականության մակարդակի հասցնելու հիմքերում։ Իր բռնապետական իշխանությունը պահպանելու ու ադրբեջանական հասարակությանը ստրկացված վիճակում պահելու նպատակով Ալիևը ամեն անգամ օգտագործում է հայությանը՝ որպես թշնամու կերպար։ Հայերի նկատմամբ ատելության բորբոքումն ադրբեջանցիների մեջ տեղի է ունենում ամենավաղ տարիքից՝ դպրոցական նստարանից։ Իսկ այս ամենն ադրբեջանական հասարակության մեջ հող է նախապատրաստում, որպեսզի Ալիևի գիտությամբ իրագործվեն ամենատարբեր ու դաժան հանցագործությունները։
Ադրբեջանի բռնապետ նախագահի ուսերին են դարսված Արցախի ու Հայաստանի նկատմամբ իրագործված պատերազմական հանցագործությունները։ Նույնիսկ փորձագիտական շրջանակներում են Ալիևին դիտարկում որպես միջազգային հանցագործի, որին սպասում է Սադդամ Հուսեյնի ճակատագիրը։ Ինչպես ժամանակին Սադդամ Հուսեյնին էր թվում ծովը ծնկներից, այնպես էլ Արցախյան երկրորդ պատերազմից հետո նույնը Ալիևին է թվում։ Պատահական չէ նաև, որ իրանցի բարձրաստիճան զինվորականները զուգահեռներ են տանում Հուսեյնի ու Ալիևի միջև ու վերջինիս հորդորում չկատարել նույն սխալները, ինչ կատարել է Հուսեյնը։ Հայաստանն էլ քննարկում է Միջազգային քրեական դատարանի ստատուտը վավերացնելու հարցը, որպեսզի հնարավոր լինի Ալիևին կանգնեցնել միջազգային դատարանի առաջ։
Ամենազարմանալին այն է, որ միջազգային հանրությունն աչք է փակում Ադրբեջանի այնպիսի գործողությունների առաջ, որոնց արդյունքում Արցախում հումանիտար աղետ է, բնակչությունը զրկված է տարրական իրավունքներից ու սովամահության է մատնված։ Չնայած հանցագործությունների աղաղակող փաստերին՝ միջազգային տարբեր դերակատարներ շարունակում են Ալիևին համարել «վստահելի գործընկեր»։ Իսկ Ադրբեջանի գործողությունների դատապարտումները դատարկ հայտարարություններից այն կողմ չեն անցնում։ Միջազգային հանրությունը կոնկրետ աչք է փակում Ալիևի հանցագործությունների առաջ և հանուն ադրբեջանական էներգառեսուրսների մատակարարման արցախահայությանը դնում զոհասեղանի վրա։
Նույնիսկ Հայաստանում հավատարմագրված դեսպանները և դեսպանատան ներկայացուցիչները վերջերս ժամանեցին Կոռնիձոր՝ հեռվից տեսնելով, թե ինչպես են հումանիտար բեռներով բեռնատարները ճանապարհին կանգնած մնացել, ու ադրբեջանական կողմը թույլ չի տալիս անցնել։ Բայց այդպես էլ դրան որևէ կոնկրետ արձագանք չհետևեց։ Փաստացի Հայաստանում դիվանագիտական ներկայացուցիչներ ունեցող պետությունները չտեսնելու են տալիս Ադրբեջանի վայրագ գործողությունները, ինչն ավելի է ոգևորում Ալիևին:
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում