ՔՊ կուսակցության շատ անդամներ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ լարվել են. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շատ անդամներ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի հետ լարվել են:
Բանն այն է, որ Մակունցը ԱՄՆ տեղափոխվելուց հետո կապը կտրել է բոլոր ՔՊ-ականների հետ. ինչպես իշխանական մեր աղբյուրներն են պատմում՝ եթե նախկինում որեւէ հարց էր լինում, դիմում էին Լիլիթ Մակունցին, նա անպայման ընդառաջում էր թիմակիցներին, կատարում էր նրանց խնդրանքը, բայց հիմա Մակունցն այլեւս առաջվանը չէ. նախկին խմբակցության անդամների հետ չի շփվում, անգամ նրանց զանգերին չի պատասխանում, միայն իշխանական վերնախավի հետ է շփվում, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանի, նրան է զեկուցում ամեն ինչ, նրանից է հրահանգներ ստանում, Արարատ Միրզոյանի հետ շփվում է ի պաշտոնե՝ որպես արտգործնախարարի:
Սրանից ՔՊ-ականները խիստ վրդովվել են, ասում են, որ երբ աշխատանքային այցով տարբեր երկրներ են գնում, դեսպանները գրկաբաց ընդունում են իրենց, ուղեկցում ժամանցի վայրերով, խանութներով, մինչդեռ Մակունցը շատ դեպքերում չի դիմավորում, սառն է: ՔՊ-ականների համար տարօրինակ է Լիլիթ Մակունցի այս պահվածքը, քանի որ նա թիմում այն քչերից է եղել, որ բոլորի հետ լավ հարաբերություններ է ունեցել, մինչդեռ հիմա դարձել է արհամարհող»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում