Պատերազմն ավարտված չէ. Արցախում այս պահին պայքար է հանուն ինքնության եւ խաղաղության. Արման Թաթոյան
ԻՐԱՎՈՒՆՔԱրցախում այս պահին պայքար է հանուն ինքնության եւ խաղաղության: Այս մասին ասել է «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Վերջերս Երևանում տեղի ունեցավ արցախյան պատերազմից տուժած երեխաների մասին պատմող «ԱՍՔ ԿԱՊՈՒՅՏ ԵՐԿՆՔԻ» (The Tales of The Blue Sky ) վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմում Վրույր Թադևոսյանը ներկայացնում է արցախյան 44-օրյա պատերազմին ականատես երեխաների ապրումները, պատերազմի ու խաղաղության մասին նրանց պատկերացումները, գյուղական կենցաղն ու առօրյան։
Ցուցադրությանը հրավիրված էր նաև Արման Թաթոյանը, որը ներկաներին հղեց իր խոսքը:
⁃ «Ֆիլմը մեզ տեղափոխում է դեպի 44-օրյա պատերազմի սարսափելի օրեր, հիշողություններ: Ցավոք, պետք է փաստեմ, որ պատերազմն ավարտված չէ, այն դեռ շարունակվում է, պարզապես բնույթն է փոխվել. թշնամու կողմից այն իրականացվում է այլ քայլերով:
Արցախում այս պահին պայքար է հանուն ինքնության եւ խաղաղության: 30 000 երեխա շուրջ 8 ամիս պայքարում է իր խաղաղ և անհոգ մանկության համար՝ չունենալով անգամ տարրական միջոցներ՝ իրենց մանկությունը վայելելու համար: Ցանկացած երեխա պետք է ունենա անհոգ մանկություն, որից, ցավոք, այս պահին զրկված են Արցախի երխաները:
Մի բան հստակ է, գիտակցել, որ պատերազմն ավարտված չէ, պետք է չհանձնվել և պայքարել հանուն խաղաղության, հանուն արժանապատիվ եւ անվտանգ ապրելու համար»: