Ի՞նչ է կատարվում քրեակատարողական ծառայությունում. Ատոմյանին պաշտոնանկ արեցին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆիկոլ Փաշինյանը պաշտոնանկ է արել քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին։ Ատոմյանը մինչ հեղափոխությունը եղել է Արմավիրի մարզային քննչական վարչության, ապա Արարատի մարզային քննչական վարչության քննիչ։ 2019 թվականին դարձել է Ազգային ժողովի պատգամավոր, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արարատի մարզպետի տեղակալն է։ 2021 թվականին Փաշինյանը նրան նշանակել էր քրեակատարողական ծառայության պետ, շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում՝ կարծելով, թե իր թիմակից Ատոմյանը կկարողանա խելքի բերել քրեակատարողական ծառայությունը և լուրջ բարեփոխումներ իրականացնել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը և հատկապես արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը չափազանց դժգոհ են եղել Ատոմյանի աշխատանքից, վերջինիս օրոք է քրեակատարողական ծառայությունում ծաղկել թմրանյութերի տարածումը, իսկ հարցերը շարունակել են լուծել քրեական հեղինակությունները։ Ատոմյանի ջանքերով գրեթե ոչինչ չի արվել քրեակատարողական ծառայության մակարդակը բարձրացնելու համար։ Ի վերջո, տևական դժգոհություններից հետո Փաշինյանը որոշել է հեռացնել Ատոմյանին։
ՔՊ մեր աղբյուրը հայտնեց, որ բացի վերը նշվածից, Ատոմյանը նաև մի շարք դեպքերում խախտել է Փաշինյանի տված հանձնարարականները, տարաբնույթ կապերի մեջ մտել քրեական հեղինակությունների հետ։ Համբերության բաժակը լցվել է և Ատոմյանին հեռացրել են համակարգից։ Նրան, ի դեպ, որևէ այլ պաշտոնի չեն նշանակելու։ Ընդսմին գործող իշխանությունները մի քանի թեկնածուներ են դիտարկում քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար, ընդ որում, թերևս եզակի դեպքերից է, որ որոշում է կայացվել ՔԿԾ պետի պաշտոնում նշանակել, ոչ թե որևէ տգետ և դիլետանտ կողմնակցի, այլ որևէ մեկին, ով լուրջ կենսագրություն է անցել քրեակատարողական ծառայությունում։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, բայց դեռ հստակ որոշում չկա։
Ժաննա Մելիքյան