«Սյունյաց ողջույններից» հետո Փաշինյանը Կապան է մեկնել ինքնաթիռով
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Սյունիք։ Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Փաշինյանը Սյունիքում բավական տհաճ ընդունելության էր արժանացել։ Մասնավորապես մի շարք դեպքերում նրան հայհոյել և սյունյաց ողջույններ էին հղել։ Դրանից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը երբևէ չէր այցելել և խուսափում էր լինել Սյունիքում, փոխարենը հաճույքով այլ մարզեր էր գնում, որտեղ նրան նույնպիսի թափով չէին «դիմավորում»։
Ի վերջո 2 տարի անց Փաշինյանը ստիպված է եղել կրկին այցելել Սյունիք։ Հասկանալով, որ կարող է նույնպիսի ընդունելության արժանանալ Սյունիքում, այս անգամ նա ուշագրավ մի խորամանկության է դիմել. Սյունիք այցելել է ոչ թե իր մեքենաների շարասյունով, այլ ինքնաթիռով վայրէջք է կատարել Կապանի օդանավակայանում։ Օդանավակայնը, հիշեցնենք, այժմ գտնվում է ադրբեջանցիների ուղիղ թիրախի ներքո և, անկասկած, վարչապետի ինքնաթիռն այնտեղ վայրէջք կատարելու համար նախապես պետք է տեղեկացվեր ադրբեջանցիներին, որպեսզի չգնդակոծեին, ինչն էլ, թերևս Փաշինյանն արել է՝ հաշվի առնելով նրա ջերմ հարաբերություններն ալիևյան վարչակազմի հետ։
Բուն Սյունիքում նա այցելել է Կապանի օդանավակայան, եղել մարզպետարանում, ինչպես նաև սահմանապահ ուղեկալում, այսինքն բոլոր դեպքերում եղել է այնպիսի տարածքներում, որտեղ նույնիսկ տեսականորեն բացառվում է, որ որևէ մեկը համարձակվեր Փաշինյանին հիշեցնել նրա իրական կերպարը։ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն կավարտի իր հանդիպումները, կվերադառնա Երևան, որից հետո նրա սպասարկուները կսկսեն հայտարարել, թե Փաշինյանն այլևս խնդիր չունի Սյունիքում, մինչդեռ փաստն այն է, որ նա առնվազն խուսափել է նայել շարքային քաղաքացիների աչքերի մեջ և պատասխանել նրանց հարցերին ու հայհոյանքներին։
Աննա Ասատրյան