Սահմռկեցուցիչ տեսագրությունը բացահայտեց պետական համակարգի խոցերը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՔննչական կոմիտեն երեկ ձերբակալել է համացանցում տարածված տեսանյութում անչափահաս աղջկան խոշտանգումների և բռնության ենթարկող մորը։ Վաղ առավոտից տարածված այդ տեսանյութն իսկական հոգեխանգարմունքի և ցնցումների էր հասցրել հասարակությանը։ Չափազանց շատ բան տեսած հայ հասարակությունը սահմռկեցուցիչ այդ տեսարանից դեռ մինչ այժմ չի կարողացել ուշքի գալ, ընդ որում, ակնհայտ է, որ ընտանիքում հրեշ է ոչ միայն մայրը, այլ նաև հայրը։
Այս իրավիճակում ամենաէական խնդիրը և ամենագլխավոր պատասխանատուները ոչ այնքան հրեշի հոգեբանությամբ ծնողներն են, այլ հասարակությունը, ուսուցիչները, սոցիալական ծառայողները և վերջնարդյունքում՝ գլխավորապես պետությունը։ Պետություն, որ ձախողել է ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը։ Հայաստանի Հանրապետությունը վաղուց այլևս սոցիալական պետություն չէ։ Մեր երկրում իշխանությունը զբաղված է բացառապես սեփական վերարտադրման խնդիրներով և մնացած բոլոր հարցերին նայում են մատների արանքով։ Արդյունքում, առաջիկայում հնարավոր է շատ ավելի սահմռկեցուցիչ և ողբերգական դեպքերի մասին լսել։
Ի դեպ, վարկած է շրջանառվում, թե ամիսներ առաջ արված այս տեսագրությունը հիմա են հրապարակել, որպեսզի շեղեն հանրության ուշադրությունը, կամ էլ մեկ այլ վարկածի համաձայն պնդեն ստամբուլյան կոնվեցիայի վավերացման անհրաժեշտության վրա։ Այն, որ եվրոպական կառույցները վաղուց այլևս պարտադրում են Հայաստանի իշխանություններին ընդունել վիճահարույց այդ կոնվենցիան, որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Բոլոր այդ վարկածներն էլ իրավունք ունեն գոյություն ունենալու՝ հաշվի առնելով, որ ի դեմս գործող իշխանությունների, մենք գործ ունենք դավադիր մի խմբակի հետ, իսկ արդյունքում հանրության հուզական արձագանքի, պատկան մարմինների տոտալ անգործության պայմաններում առնվազն մի քանի մանկահասակ երեխաների ճակատագիր է խեղվում։
Գրետա Բաբայան