Աշխարհահռչակ դաշնակահար Նոբույուկի Ցուջին մենահամերգ կունենա Երեւանում
ՄՇԱԿՈՒՅԹ«Երեւանյան հեռանկարներ» 24-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկում է իր աշնանային համերգաշարն աշխարհահռչակ վիտուոզ դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով։
Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ծրագրում` Լյուդվիգ վան Բեթհովեն, Ֆերենց Լիստ, Մորիս Ռավել, Նիկոլայ Կապուստին։
Նոբոյուկի Ցուջի «The Observer»-ի կողմից «վիրտուոզության մարմնավորում» տիտղոսին արժանացած ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջին՝ Նոբուն, ով ի ծնե կույր է, 2009թ-ին ստացավ Վան Քլայբըրնի միջազգային մրցույթի ոսկե մեդալը, ինչին հետեւեց դաշնակահարի հեղինակության տարածումը ողջ աշխարհում` այն յուրահատուկ ուժի եւ հուզմունքայնություն համար, որ առկա է նրա կատարումներում։
Նոբուն հանդես է եկել այնպիսի առաջատար նվագախմբերի հետ, ինչպիսիք են Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Ֆիլհարմոնիա նվագախումբը, Բի-Բի-Սի-ի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ճապոնիայի սիմֆոնիկ նվագախումբը, Յոմիուրի Նիպպոն Սիմֆոնիկ նվագախումբը, Տոկիոյի սիմֆոնիկ և Ճապոնիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Սիեթլի եւ Բալթիմորի սիմֆոնիկ նվագախմբերը, Մյունխենի ֆիլհարմոնիկը, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախումբը և Բազելի սիմֆոնիկ նվագախումբը։
Նա համագործակցել է նաեւ մի շարք աշխարհահռչակ դիրիժորների հետ, որոնց թվում են Վալերի Գերգիեւը, Վլադիմիր Աշքենազին, Վլադիմիր Սպիվակովը, Խուանխո Մենան, Վասիլի Պետրենկոն եւ այլք։