Արցախի նախագահականի հերքումը հաստատման էր նման. ի՞նչ է կատարվում Աղդամի ուղղությամբ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱրցախում համառ լուրեր են շրջանառվում, թե նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն ընդունել է Աղդամի ճանապարհն օգտագործելու Բաքվի առաջարկը։ Արդեն 2 օր այս տեղեկությունները համառորեն շրջանառվում են, իսկ Արցախի նախագահականի <<հերքումները>> ավելի շատ են յուղ լցնում խոսակցությունների վրա։ Բանն այն է, որ երեկ ցերեկն Արցախի նախագահի մամուլի խոսնակը մեկնաբանել էր տարածված տեղեկությունները, թե անվտանգության խորհրդի նիստում Արայիկ Հարությունյանը պարզ ակնարկել է Աղդամի միջանցքի բացման հավանականության մասին, ընդ որում նշել էր, թե Աղդամի ճանապարհով Ադրբեջանից դիզելային վառելիք և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ են ստանալու, սակայն քիչ քանակությամբ, իսկ հիմնական ապրանքները և սննդամթերքն ուղարկելու են Հայաստանից՝ Լաչինի միջանցքով։
Լուսինե Ավանեսյանը լրատվամիջոցների հարցերին ի պատասխան ընդամենը հայտարարել էր, թե Արցախում անվտանգության խորհրդի նիստ տեղի չի ունեցել։ Ավելի ուշ, երբ պարզվել էր, թե այս հերքումը որևէ կերպ չի կարող ազդել մարդկանց տրամադրությունների վրա, արդեն իսկ ակնհայտ հայտարարվեց, թե Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-ին և 23-ին փակ քննարկումներ է անցկացրել պետական քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ։ Դրանց ընթացքում քննարկել ադրբեջանական պաշարման հետևանքով ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, արցախի անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր միջնորդական առաջարկները։ «Որևէ որոշում չի կայացվել, քննարկումները շարունակվում են, նախագահ Հարությունյանն առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,- ասել է նախագահի մամուլի խոսնակը։
Ըստ էության, փաստացի կարելի է նշել, որ Արցախի գործող իշխանություններն առանձնապես դեմ չեն Աղդամի ճանապարհն օգտագործելու Բաքվի առաջարկից, թեպետ նույնիսկ իրենք են գիտակցում, որ դա արդեն Արցախի վերջն է լինելու։ Տարբեր վերլուծաբաններ շեշտում են, որ Աղդամի և Լաչինի միջանցքի, թեկուզ միաժամանակյա, բացումն առանձնակի չի փոխելու, ընդհակառակն ավելի է խորացնելու, որովհետև, Ադրբեջանը, չի բացառվում, որ հենց մի քանի օր անց կրկին փակի Լաչինի միջանցքը՝ բաց թողնելով միայն Աղդամի ուղղությունը, իսկ այդ դեպքում միջազգային հանրությանը հնարավոր չէր լինի համոզել, որ Արցախն արգելափակված է։ Աղդամի ճանապարհից կախվածության մեջ գտնվելը փաստացի նշանակում է Արցախի վերջը։
Անի Մարկոսյան