Նորվեգիան F-16 կործանիչներ կտրամադրի Ուկրաինային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆորվեգիան որոշել է Ուկրաինային տրամադրել ամերիկյան F-16 կործանիչ-ռմբակոծիչներ։ Այս մասին օգոստոսի 24-ին հայտնել է TV2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Մի քանի անկախ աղբյուրներ հաստատել են, որ Նորվեգիան որոշել է F-16-ներ փոխանցել Ուկրաինային։ Այսպիսով, Նորվեգիան դառնում է ՆԱՏՕ-ի երրորդ երկիրը Հոլանդիայից և Դանիայից հետո, որը Ուկրաինային տրամադրում է F-16 մարտական ինքնաթիռներ»,- նշել են լրագրողները։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգոստոսի 20-ին հայտարարել է, որ համաձայնության է եկել Դանիայի իշխանությունների հետ F-16-ների մատակարարման շուրջ։ Դանիայի պաշտպանության նախարար Յակոբ Էլլեման-Յենսենը հայտնել է, որ 19 ինքնաթիռ կտեղափոխվի Կիև։ Միաժամանակ, Ուկրաինայի ղեկավարը հայտնել է, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ պայմանավորվել է Կիևին 42 F-16 ինքնաթիռի մատակարարման շուրջ։