«Հրապարակ». Ովքե՞ր են խժդժություն հրահրողները. Սերժ Սարգսյանն է խառնվում խնդրին
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Ռեյտինգայինների միջեւ բախումները կանխելու նպատակով Սերժ Սարգսյանը որոշել է անցնել ընտրատարածքներով, հանդիպել կուսակտիվի ու թեկնածուների հետ, զգուշացնել։
Շաբաթ օրը նա եղել է Արագածոտնի մարզում, որտեղ ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվել են նախկին ԲՀԿ-ականներ Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, ով Վիգեն Սարգսյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է, Մնացական Մնացականյանը, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, նախկին մարզպետի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, Արագածոտնի գազի վարչության պետի որդին՝ Ռոլանդ Հայրապետյանը, ում աջակցում է Աղվան Հովսեփյանը։
Քննարկվել են ընտրությունների հետ կապված հարցեր՝ ամեն գնով անաղմուկ ընտրությունների հրահանգ է տրվել։ Որոշ տեղեկություններով, միայն Մնացական Մնացականյանն է տրտնջացել թեկնածուների ազդեցիկ հովանավորների մասին՝ ակնարկելով, որ խժդժություններ հրահրողներն էլ իրենք են։ Սակայն նա երեկ մեզ հետ զրույցում չհաստատեց դա, հավաքի մասին էլ ասաց, որ ներկուսակցական քննարկում է եղել «ու վերջ»։
Արագած Ախոյանն էլ վստահեցրեց, որ ՀՀԿ ղեկավարի այցի նպատակը «մաքուր, թափանցիկ ընտրություններ անցկացնելն է»։ Նախկինում ԲՀԿ-ի, հիմա էլ ՀՀԿ-ի դրոշի տակ հանդես գալու մեջ էլ Ախոյանը խնդիր չի տեսնում․ «Ես հիմնավորված պատասխան եմ տալիս ցանկացած հարցի ու էդքան էլ չեմ կանգնում այնպիսի հարցերի առջեւ, որոնք ինձ կարող են անկյուն մտցնել»։
Պարզվում է՝ նա իր մասին վավերագրական ֆիլմ է այս օրերին ցուցադրում ընտրողներին։ «Ֆիլմը վաղուց կար, ես օգտվում եմ ունեցած-չունեցած «հարստությունից»։ Մարդիկ չեղած բաների մասին են խոսում, խոստանում չեղած գետերի վրա կամուրջներ կառուցել, գնում կույրերի կոմբինատ, ասում են, որ մենք ընտրվենք, դուք կսկսեք տեսնել։ Իմ գործերն են խոսում իմ մասին»,- ասաց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում