Ո՞ւմ են պետք ձեր պաշտոնը, կոմֆորտն ու կուշտ լինելը, եթե վտանգված է երկրի վաղվա օրը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը հենց մի փոքր ազատ ժամանակ է գտնում, մեկնում է մարզային այցի: Ավելի տեղին կլինի ասել՝ Փաշինյանն արդեն ամիսուկես է, եթե ոչ ավելին, մարզից մարզ է վազում: Եթե միայն վերջին մի քանի օրը դիտարկենք, ապա եղել է Սյունիքում, այնտեղից վազեվազ հասել է Տավուշ, հետո մեկնել է Լոռի: Մինչ այդ էլ՝ Արագածոտն, Արմավիր, Արարատ... Սա կարող էր «ինտենսիվ աշխատելու» բնորոշման տակ ընկալվել, եթե խոսքը չվերաբերեր Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած կառավարությանը: Եվ նրա այս վազեվազ այցերն ավելի շատ նախընտրական արշավի տպավորություն են թողնում, առավել ևս, որ իրականացվում են հենց նախընտրական քարոզչության տրամաբանությամբ ու դրան համահունչ բովանդակությամբ:
Այցերի ռեժիսուրան ու սցենարը բավականին հնամաշ ու բրեժնևաբոլշևիկական է: Դրանք կարելի է ձևակերպել կամ նկարագրել հետևյալ կերպ. «Մարզի աշխատավորներն ու կենսաթոշակառուները, կապիտալիստական աշխատանքի հարվածայինները ջերմ ու բուռն ծափողջույններով, ողջագուրանքներով ու գորովանքով դիմավորեցին ՀՀ բոլոր ժամանակների ամենավարչապետ Նիկոլ Փաշինյանին»: Թե հատկապես ինչո՞ւ է նրան հիմա նման «նախընտրական արշավ» նախաձեռնել, առանձին անդրադարձի թեմա է: Տվյալ դեպքում մեր ուշադրությունն ավելի շատ «դիմավորողները» գրավեցին: Նույնիսկ անփորձ դիտորդին ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին այս կամ այն մարզում ողջագուրվող «տատիների», «պապիների» պատկերները բեմականացում են:
Հիմա թե՝ «այ-ֆոնի» կամ մեկ այլ բանի՞ դիմաց, ինչպես «ծափ տվող» երեխաների դեպքում է, այլ հարց է: Դե, փաշինյանենք հմուտ են պապիներ կեղծելու հարցում: Բայց հատկապես աչք էր ծակում, որ մարզային այցելությունների ժամանակ այս կամ այն ձեռնարկություն մտած Փաշինյանին «ծափ տվեք, արա...» տարբերակով ողջույնները տվյալ կառույցի ղեկավարի հրահանգի հետևանք են: Ու հարց է ծագում, էլի: Լավ, երկրի այս ծանրագույն վիճակում, առավել ևս՝ այն ամենից հետո, ինչ արել է երկրի ու ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը՝ իր կառավարությամբ հանդերձ, մի՞թե ինչ-որ պաշտոնն ու այն կորցնելը, սեփական կոմֆորտն ու կշտությունն ավելի կարևոր են, քան երկիրը, քան պետությունը, քան՝ սեփական զավակների ապագան: Ո՞ւմ են պետք այդ պաշտոնը, այդ վաղանցիկ ու երևութական անձնական «կոմֆորտը», այդ այսրոպեական «կշտությունը», եթե վաղը, մյուս օրը երկիրը կարող է չլինել, եթե վաղը, մյուս օրը քո զավակը կարող է պետություն և ապրելու տեղ չունենալ հենց այդ վարչապետի ու նրա կառավարության «գործունեության» ու վարած քաղաքականության հետևանքով:
Բայց տվյալ դեպքում, առաջին հերթին՝ նաև քո նման պահվածքի հետևանքով, այն բանի հետևանքով, որ դու նրան ծափահարել ես, գովերգել: Հայտնի ստեղծագործության հանգվույն՝ «երեք մանեթի ծափ տվողները», «ջերմ ընդունելության» էժանագին բեմականացումների մասնակիցները գոնե գիտակցո՞ւմ են, որ իրենք էլ են մտնում պատասխանատվության ու մեղքի տակ, որ իրենք դառնում են ոչ պակաս մեղավոր՝ հետևանքների համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում