ՔՊ-ում կյանքը կանգ է առել. բոլորը զբաղված են քարոզարշավով. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կուսակցական կյանքը կանգ է առել: Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ վարչության նիստեր կամ ՔՊ նախաձեռնող խմբի հետ հանդիպումներ չեն լինում: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական վարչության անդամներից տեղեկացավ, որ պատճառը քարոզարշավն է: Այս օրերին իշխանությունն ամբողջ թիմով լծված է քարոզարշավին, իսկ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելություններով է զբաղված. նախ՝ Սյունիք էր մեծ շքախմբով այցելել, հետո՝ Լոռի, դրա համար էլ վարչության նիստերի ու կուսակցական հանդիպումների ժամանակ չունեն:
Կուսակցության վարչության բոլոր 15 անդամները քարոզարշավով են զբաղված այս օրերին. Գեւորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանը, Գնել Սանոսյանը, Վաղարշակ Հակոբյանը non-stop ռեժիմով քարոզարշավին են մասնակցում ու Տիգրան Ավինյանի հետ վարչական տարբեր շրջաններ են գնում։ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանը, առհասարակ, ո՛չ ՔՊ վարչության նիստերին է մասնակցում, ո՛չ էլ գործադիրում է ակտիվ. անհասկանալի է՝ ի վերջո որոնք են նրա գործառույթները: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առողջական խնդիրներ ունի, նոր է վիրահատվել, իսկ Արփի Դավոյանն էլ, ինչպես միշտ, որպես Փաշինյանի «թիկնապահ» ամենուր ուղեկցում է նրան, հիմա էլ հաճախ նրան մարզային այցելությունների ժամանակ տեսնում ենք Փաշինյանի կողքին:
ՔՊ-ականների ահա այսչափ զբաղվածությունն ու խիտ գրաֆիկն է պատճառը, որ վարչության նիստեր չեն լինում. վերջին նիստը եղել է օգոստոսի 3-ին:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում