Ինչի՞ց են ուզում պաշտպանել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո Հայաստանի իշխանության սատելիտները տեղեկատվական տարբեր հարթակներում «մեծ գույժ» են հայտնում՝ բավական սգավոր տոնայնությամբ: Բայց թեման Ադրբեջանի ագրեսիան չէ, ոչ էլ, ընդհանրապես, սահմաններին տիրող վիճակը: Իշխանական ու իշխանամերձ սատելիտների միտքն այն է, որ Արցախում իշխանափոխություն է փաստացի տեղի ունեցել, և հիմա Հայաստանում կարող է նորից կտրուկ ակտիվանալ ընդդիմությունը: Ավելին, նրանք «գուժում» են, որ հակաիշխանական, իսկ ավելի կոնկրետ՝ հականիկոլական մեծ ալիք է սպասվում:
Այս նույն անհատները և հարթակները ինտենսիվորեն առաջ են քաշում Նիկոլ Փաշինյանին աջակցելու, պաշտպանելու թեզը, ոմանք նույնիսկ բացահայտ կոչ են անում կոշտ ու կանխարգելիչ քայլեր իրականացնել: Բնականաբար, այս թեմայի հետ կապված նորից հիշել են բազմիցս չարչրկված ու կիրառված «նախկինների վերադարձի» թեման: Երեկ էլ նույն սատելիտները առաջ էին քաշում սահմաններին ու Արցախում տիրող վիճակի և այս պայմաններում Հայաստանի ներսում քաղաքական սրացումների «անթույլատրելիության» թեմաները:
Թե ինչից են կոնկրետ այսպես անհանգստացած իշխանությունները, կարելի է միայն կռահել, սակայն ուշագրավ է, որ, ինչպես միշտ, հրահանգը կատարելու հարցում երևակայության ու կրեատիվության բացակայության պատճառով գրեթե բոլոր հոդվածներն ու գրառումները բառացի նույնական են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում