Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը անթաքույց ստում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊաշտոնական այցով Ադրբեջան ժամանած իր հունգարացի գործընկեր Պետեր Սիարտոյի հետ հանդիպմանը արտգործնախարար Բայրամովը վստահեցրել է, որ «հայ բնակիչներն ամեն օր օգտվում են Լաչինի ճանապարհից»։ Սա բացարձակ սուտ է․ ԵԱՀԿ-ից մինչև ՄԱԿ, օտարերկրյա պետությունների դեսպանատներից մինչև ՄԱԿ-ի դատարան, և Հունգարիայի արտգործնախարարին նույնպես հայտնի է, որ նման հայտարարությունը սուտ է։ Այնուամենայնիվ, Բայրամովը փորձում է թոզ փչել մարդկանց աչքերին։
Կյանքի և առողջության համար մեծագույն վտանգ ներկայացնող Լաչինի միջանցքից օգտվում են բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծանր հիվանդ բնակիչները, որոնք ԿԽՄԿ-ի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվում են Հայաստան բուժման նպատակով։ Եվ այդ մարդկանց, չամաչելով մեքենաների վրա ԿԽՄԿ տարբերանշանից, Ադրբեջանի իշխանությունները ներկայացնում են որպես «ազատ տեղաշարժվող քաղաքացիներ»։ Նման սուտը և մարդու իրավունքների նկատմամբ նման վերաբերմունքը պարզորոշ ցույց են տալիս, թե ինչպես է Բաքուն վերաբերվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին։