Ովքե՞ր են աջակցում «Մայր Հայաստան» դաշինքին ու Անդրանիկ Թևանյանին. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությունների պայքարի մեջ մտած ուժերի շարքում «Մայր Հայաստան» դաշինքն առանձանանում է «կողքից» աջակցության մասին քաղաքական ու հասարակական շրջանակների հրապարակային հայտարարություններով: Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» դաշինքին աջակցություն է հայտնել ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: «Մայր Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու առանձին կոչ-հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:
«Փաստի» ունեցած տեղեկությունների համաձայն, հրապարակային աջակցության կոչերից ու հայտարարություններից բացի, այս ընթացքում ամենատարբեր, անգամ իշխանությանը հարող կամ ոչ այնքան վաղուց հարած գործիչներ ու շրջանակներ են կապ հաստատում դաշինքի ղեկավարության հետ և իրենց աջակցությունն են հայտնում՝ առաջիկա ընտրությունների հետ կապված, սակայն հասկանալի պատճառներով առայժմ հակված չեն հրապարակավ հանդես գալ:
«Մայր Հայաստան» դաշինքի պատասխանատու ներկայացուցիչներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ կա նման շարժ, որը ավելի շուտ ամենօրյա աշխատանքային գործընթաց է, ու այդ շփումները շարունակական բնույթ են կրում:
Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ Արա Աբրահամյանի ղեկավարած «Ռուսաստանի հայերի միությանը» կից «Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիան» ևս օրերս հայտարարեց Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքին սատարելու մասին: Ի լրումն, դաշինքին աջակցելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան և համագործակցության հուշագիր ստորագրեցին «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» և ««Արցախ» հայրենասիրական կանչ» ՀԿ-ները, ինչպես նաև՝ «Պահեստազորի սպաների շարժում» ՀԿ-ն և «Ձայն հայրենյաց» նախաձեռնությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում