Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե հանկարծ չգամ, մամայի ծննդյան օրը գրածս բանաստեղծությունն իրեն կնվիրես». Շիրակ Գասպարյանն անմահացել է Հադրութում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շիրակը մեր սպասված որդին էր, տարիքով փոքր էր երկու աղջիկներիցս: Յոթ տարով փոքր է կրտսեր քույրիկից: Կարելի է ասել, որ ինձանից շատ աղջիկս է նրան պահել: Հիմա էլ հաճախ ասում է՝ մա՛մ, ինձ թվում է, որ Շիրակն իմ երեխան է եղել, ոչ թե քոնը: Շատ հանգիստ էր բնավորությամբ, լուռ ու ինքնամփոփ: Չէր սիրում խոսել իր ձեռքբերումների մասին: Իրեն ասում էի՝ հաղթել ես մրցաշարում, բայց ոչինչ չես ասում այդ մասին: Արձագանքում էր՝ մա՛մ, ինձ համար եմ հաղթել, ոչ թե հարևանների կամ մեկ ուրիշի: Դրանք իմ ձեռքբերումներն են»,-«Փաստի հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Շիրակի մայրիկը:

Իսկ Շիրակի ձեռքբերումներն ու հաջողություններն իրոք շատ են: Թե՛ զրույցի ողջ ընթացքում, թե՛ նյութը պատրաստելիս ցավին զուգահեռ ափսոսանքի անասելի զգացում էր պատել ինձ՝ ինչպիսի մարդկանց ու քաղաքացիների է կորցրել Հայաստանը: Մանկավարժի ընտանիքում ծնված Շիրակը գերազանցությամբ ավարտել է Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցը։ «Բոլոր առարկաները գերազանց սովորում էր, չկար մի առարկա, որի մասին ասեր, թե չի սիրում: Անընդհատ ուսումնասիրում էր ռազմի պատմությունը: Փոքր տարիքից ստեղծագործում էր, հաճախել է շախմատի դպրոց, հաղթել է մրցաշարերում: Հաճախել է ֆուտբոլի, Վրաստանում և Հայաստանում մասնակցել բազմաթիվ մրցումների»,-նշում է զրուցակիցս:

Դպրոցն ավարտելուց հետո Շիրակը 2016 թ.-ին անվճար հիմունքներով ընդունվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետը՝ ստանալով տարկետման իրավունք։ Ուսանողական տարիներին հասարակական և գիտական մեծ աշխատանք է ծավալել՝ մասնակցելով բազում, այդ թվում՝ միջազգային գիտաժողովների: Եղել է ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական խորհրդի, «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի նախագահը, բուհական բանավեճի ակումբի անդամ, հանդես էր գալիս ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմում՝ որպես ավագ, որն իր առաջարկով կրում էր «Believers» անվանումը։ Շիրակը գերազանց առաջադիմությամբ ավարտել է նաև բուհը, մայրիկի խոսքով՝ պատմության քննությունից նրա վաստակած 20 միավորի մասին մինչև հիմա բոլորն են նշում: «Միշտ ասում էր՝ մա՛մ, ժամանակը կարճ է, ինչո՞ւ երկար չէ: Արձագանքում էի՝ Շիրա՛կ ջան, 24 ժամը քեզ չի՞ հերիքում: «Չէ, մա՛մ, 24 ժամն ինձ չի հերիքում»: Մեր զրույցները նաև հայրենիքի մասին էին, ասում էր՝ մի թիզ հայրենիք ունենք, բայց ուզում եմ ծովից ծով լինի»:

Շիրակն իր գիտական աշխատանքների շնորհիվ դեռ ուսանողական տարիներից դարձել էր Երիտասարդ պատմաբանների ասոցիացիայի անդամ։ «Երբ դեպքը պատահեց և գրեցինք, որ գտել ենք Շիրակին, ասոցիացիայից մեզ արձագանքեցին, որ նա իրենց ամենաերիտասարդ անդամն է եղել: Այդ մասին չգիտեինք: Շիրակս կազմակերպում էր միջբուհական մրցումներ, գիտական բանավեճեր, վստահ էր, որ գիտական բանավեճում կարող է ծնվել բացարձակ ճշմարտությունը։ Դպրոցական տարիքից նաև Երիտասարդ կամավորականների ընդհանուր միության անդամ էր»: Շիրակը նաև օտար լեզուների հանդեպ անտարբեր լինել չէր կարող: Բացի մայրենիից, տիրապետում էր ռուսերենին, ֆրանսերենին և անգլերենին: Բարձր առաջադիմությամբ ավարտելով ուսումը, Շիրակը հանձնում է մագիստրատուրայի ընդունելության քննություններ մի քանի միջազգային համալսարաններում, ավելի քան 15 բուհից հրավեր ստանում, բայց ընտրում է Չեխիայի Կարլովի անվան համալսարանը: Նա դիվանագիտություն պետք է ուսումնասիրեր։

«Ասում էի՝ Շիրա՛կ ջան, ախր հեռու է, ո՞նց ես գնալու: Պատասխանում էր՝ մա՛մ, բոլոր անվանի մարդիկ այդ բուհն են ավարտել, այնքան սիրուն տեղ է, այդպես էր ինձ համոզում: Շիրակս նաև բազմաթիվ գիտաժողովների է մասնակցել, վերջինը պիտի լիներ Ղրիմում, սակայն համավարակը խանգարեց, և մեկնել չկարողացավ: Իր գիտական բոլոր նյութերը տպագրված են»: Շիրակի՝ ուսման մեջ ունեցած հաջողությունները նաև արտաքին գործերի նախարարությունից ընտանիքին փոխանցված հետևյալ գրությունն է փաստում. «Շիրակը 200 ուսանողից միակն էր, որն ընդունվեց Կարլովի անվան համալսարան՝ հնարավոր 147 հարցից պատասխանելով 143-ին և հիացնելով չեխ մասնագետներին»: Այս մասին գրել է քննական հանձնաժողովի նախագահը: Քննական հանձնաժողովի առաջարկով և ԱԳՆ միջնորդությամբ, փայլուն հարցազրույցի և օտար լեզուներին տիրապետելու հմտության շնորհիվ, նա հնարավորություն է ստանում մշտական աշխատանքի անցնել Չեխիայի, Ռուսաստանի, Իրանի, Շվեդիայի, Անգլիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի դեսպանատներում, սակայն որոշում է՝ զինվորական ծառայությունը, հետո ուսումը Չեխիայում: Շիրակը ծառայության է մեկնել 2020 թ. հուլիսի 29-ին՝ հայրիկի ծննդյան օրը:

Կարանտինն անցկացրել է Մարտունի 2-ում, հետո տեղափոխվել Ջրական՝ «Առանձիններ» գումարտակ: Եղել է հրետանավոր։ «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Երկու շաբաթվա ընթացքում տիրապետել է զենքին, երբ հրամանատարն իր «Խաչը» բերեց, ասաց՝ զարմացել էինք, որ այդքան կարճ ժամկետում լիովին տիրապետեց զենքին: Պետք է սերժանտական քննություն տար: Այդ կարճ ժամանակում նաև գերազանցության պատվոգիր է ստացել: Ազատ ժամանակ նաև ստեղծագործել է: Վերջին բանաստեղծությունը գրել է հոկտեմբերի 7-ին: Փոքր աղջկաս հետ խոսեց, ասել էր՝ Շահանե՛, այդ բանաստեղծությունը գրել եմ, եթե հանկարծ չգամ, երևի թե չգամ, մամայի ծննդյան օրն այն կնվիրես իրեն»: Պատերազմի հենց առաջին օրը թշնամին հարվածել է Շիրակի ծառայած զորամասին: «Սեպտեմբերի 29-ին ու հոկտեմբերի 3-ին ենք խոսել: Հոկտեմբերի 5-ի գիշերը խոսել է իմ ու հայրիկի հետ՝ Ջաբրայիլը հանձնել են, մեզ տանում են Հադրութ: Հոկտեմբերի 7-ին շատ երկար զրուցել է քույրիկի հետ՝ ես ծիծաղեմ, իմ ծիծաղը լսիր, դու էլ ծիծաղիր, ես էլ քո ծիծաղը լսեմ: Սկսել է պատգամներ տալ քույրիկին, թե ինչ պետք է անի, եթե ինքը չվերադառնա»:

Մայրիկի խոսքով, Շիրակը հատուկ հանձնարարությամբ մտնում է գրավված տարածք՝ դուրս բերելու մոռացված կոորդինատները, զինգրքույկները, քարտեզներն ու փաստաթղթերը, անվնաս վերադառնում է։ «Մի տեսանյութ կա, որտեղ Շիրակը հրամանատարների հետ քարտեզ է գծում, մեկ այլ տեսանյութում առաջնագծի զինվորներն էին, տղաս խրամատում կանգնած էր՝ նիհարած ու փոքրացած, բայց իր հասակը 1,82 էր: Նորից Շիրակին ուղարկում են հատուկ հանձնարարության: Երբ լեյտենանտը եկել էր մեր տուն, պատմեց՝ 85 զինվորի մոտ խոստացել էի, որ երբ իջնենք դիրքերից, իրեն լեյտենանտի կոչում եմ տալու:

Հոկտեմբերի 9-ին «Առանձիններին» հատուկ հրամանով ուղարկում են Արա լեռ, որ շրջափակումից դուրս բերեն ծառայակից ընկերներին։ Տղաները խմբերի են բաժանվում: Շիրակն առաջնորդում էր իրեն վստահված խումբը, քանի որ մնացել էին առանց հրամանատարի»: Տղաները ծուղակում են հայտնվել, թշնամին ֆիքսել է Շիրակին, նա զոհվել է հրազենի դիպուկ կրակոցից, ըստ մահվան վկայականի, հոկտեմբերի 10-ին, սակայն ընտանիքին լուրեր են հասնում, որ Շիրակին տեսել են նաև հոկտեմբերի 10-ից հետո: 2021 թ.-ի հունվարի 11-ին Շիրակը տուն է «վերադառնում»: «Մեկ այլ դժոխք էր, երբ ամեն անգամ գնում էի դիահերձարաններ ու մտածում՝ այս անգամ թող տղաս լինի... Որպեսզի Շիրակս կարմիր թելի նման մնա ամբողջ աշխարհում, որոշեցինք մեր տան բակում եկեղեցի կառուցել, շուտով կվերջացնենք նաև հարակից այգու բարեկարգումը: Ամեն ինչ անում ենք իր համար, այնքան հայրենասեր էր Շիրակս: Շատ էր համբուրում ու գրկում ինձ, ասում էր՝ հետո կհիշես ու կուզես, մա՛մ, կփոշմանես, որ հիմա մեկ-մեկ չես թողնում քեզ համբուրեմ»:

Հ. Գ.- Շիրակ Գասպարյանը Արցախի նախագահի հրամանագրերով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է Տավուշի մարզի հայրենի Աչաջուր գյուղում՝ ընտանեկան գերեզմանատանը։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ամենալուսավոր լսարանը կրում է Շիրակի անունը, իսկ հումանիտար ֆակուլտետի լավագույն ուսանողին համալսարանը տրամադրում է Շիրակ Գասպարյանի անվան կրթաթոշակ: Համալսարանի նախաձեռնությամբ տպագրվել է նրա «Ցիրուցան իղձեր» բանաստեղծությունների ժողովածուն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
 
Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել ՀայաստանՖրանսիայում բողոքի ակցիաներ են՝ վարչապետի պաշտոնում Միշել Բարնիեի նշանակման դեմ«Հեզբոլլահը» հայտարարել է իսրայելական ռազմական օբյեկտների վրա հրթիռային հարձակումների մասինՊայթյուն՝ Երևանի հեղուկ գազի գազալցակայաններից մեկում. կան տուժածներՌուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Ճապոնական ծովումՍերոբ Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդnւմը ոչ իրավաչափ է. փաստաբաններԱդրբեջանի զինվորները մեր սահմաններում են՝ ՀՀ իշխանությունների ապիկար գործողությունների շնորհիվ. Սեյրան ՕհանյանՀՀ նախագահը պետական պարգևներ ու կոչումներ է շնորհել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումՄեր անկախության ակունքներում Արցախի ինքնորոշումն է․ Սեյրան Օհանյան Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էրԱյսօր տեղի կունենա Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանի ցուցահանդեսը «Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա աղջիկ է մահացել Մենք պատասխանատու ենք հայության ճակատագրի համար ապագա սերունդների առջև. Արշակ Կարապետյանի ուղերձը Անկախության տոնի առթիվԲրիտանական ստորություն Հայաստանի դեմՊուտինը շնորհավորել է Փաշինյանին Ռուսաստանը հիշեցնում է հացահատիկի մասինԻ՞նչ է կատարվում «Սրբազան շարժման» հետ Մթերային խանութ է հրդեհվելԱնկախության 33-րդ տարեդարձին ՀՀ քաղաքացին էլ «հպարտ» չէ՞Բեյրութում իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի Հարյուրավոր հասցեներ՝ առանց ջրի Ինչու՞ են ռուս զինվորականներն այցելել Բաքու. մանրամասներՊայթյուն՝ Շենգավիթի էլեկտրաենթակայաններից մեկում․ թաղապետարանում, ոստիկանությունում, դատախազությունում լույս չկա Լարսը փակ է«ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շղթայական և աղետալի հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար. Արշակ ԿարապետյանՊատգամավոր Տոլմաչով. Ռուսաստանի Դաշնությանը մեղադրելը Փաշինյանին վերածում է «խփված օդաչուի»  Դաշնային խորհրդից պատասխանել են Երևանի  իշխանության զավթման խմբի Ռուսաստանում պատրաստման մասին լուրերին Երևանը մտածել է արդիականացնել իր Սու-30ՍՄ-երը Հնդկաստանում. «Ի՞նչ ունենք չոր մնացորդում»Ամերիկացիները պատրաստվում են սառեցնե՞լ հայերին Ռուսաստանին հակառակվելու համար. «Եվ ցուրտ ձմեռ է լինելու»6000 դրամի դիմաց 10. 000 կորցնում եմ․ թոշակառուները դժգոհ են «Երևանը փակուղում. Փաշինյանը պատրա՞ստ է ներողություն խնդրել»Հայաստանի անկախության օր․ պատմության այս օրը (21 սեպտեմբեր)
Ամենադիտված