Մալդիվներում նախագահի կրկնակի ընտրություններ են անցկացվում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ օրը Մալդիվների բնակիչները մասնակցում են նախագահի կրկնակի ընտրություններին, տեղեկացրել է The Associated Press-ը։
Ոչ ընդդիմության հիմնական թեկնածու Մոհամեդ Մուիզը, ոչ գործող նախագահ Իբրահիմ Մոհամեդ Սոլիհը չեն հավաքել ձայների 50 տոկոսն ընտրությունների առաջին փուլում, որը կայացել է սեպտեմբերին։ Սոլիհը, որն առաջին անգամ նախագահ է ընտրվել 2018թ., պայքարում է Մուիզի մեղադրանքների դեմ այն մասին, որ նա թույլ է տվել Հնդկաստանին առանց վերահսկողության ներկա գտնվել երկրում։
Մուիզի կուսակցությունը՝ Ժողովրդական ազգային կոնգրեսը, համարվում է չինամետ։
Առաջին փուլում Մուիզը բոլորի համար անսպասելիորեն ստացավ ձայների ավելի քան 46 տոկոսը, Սոլիհը՝ 39։
Սոլիհը պնդում է, որ հնդիկ զինվորականները Մալդիվներում են միայն նավաշինարան կառուցելու համար՝ երկու կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրին համապատասխան, եւ որ իր երկրի ինքնիշխանությունը չի խախտվի։
Մուիզը խոստացել է, որ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում նա հնդկական զորքերը դուրս կբերի Մալդիվյան կղզիներից եւ կհավասարակշռի երկրի առեւտրային հարաբերությունները, որոնք, նրա խոսքով, այժմ Հնդկաստանի օգտին են։
Ընտրությունների երկրորդ փուլը բարդ փորձություն է Սոլիհի համար, եւ նրա շանսերը կախված են այն բանից, թե ինչպես նրա օգտին կքվեարկեն նրա կուսակցությունից առանձնացած խմբակցության անդամները։
Երկրի նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդը առանձնացել է Սոլիհի դեմոկրատական կուսակցությունից եւ առաջադրվել էր առաջին փուլում։ Նա որոշել է պահպանել չեզոքություն երկրորդ փուլում, բայց նրա կողմնակիցներից ոմանք, ամենայն հավանականությամբ, կպաշտպանեն Սոլիհին։
Ժողովրդական ազգային կոնգրեսի ղեկավար Աբդուլա Յամինը 2013-20188թթ. նախագահ եղած ժամանակ Մալդիվները դարձրել էր չինական «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության մի մասը։ Այդ նախաձեռնությունը ենթադրում է երկաթուղիների, նավահանգիստների եւ ավտոմայրուղիների կառուցում՝ Ասիայում, Աֆրիկայում եւ Եվրոպայում Չինաստանի առեւտրի եւ ազդեցության ընդլայնման համար։
Մուիզը, որը յոթ տարի զբաղեցրել է բնակշինարարության նախարարի պաշտոնը, ընտրվել է միայն որպես Ժողովրդական ազգային կոնգրեսի պահեստային թեկնածու այն բանից հետո, երբ Գերագույն դատարանն արգելել է Յամինին մասնակցել ընտրություններին, քանի որ նա բանտարկված է փողերի լվացման եւ կոռուպցիայի համար։
Մալդիվները կազմված են 1 200 մարջանի կղզիներից Հնդկական օվկիանոսում, դրանք գտնվում են Արեւելք-Արեւմուտք նավագնացության գլխավոր ճանապարհին։
Ընտրություններին մասնակցել է ավելի քան 282 000 մարդ, երկրորդ փուլի արդյունքները պարզ կլինեն կիրակի։