Մեր գործընկերները երբևէ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ կամ հարցադրում մեր առջև չեն դրել․ Արարատ Միրզոյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Հայաստանում այցով գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ: Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով. ստորև՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը մամուլի համար և պատասխանը լրագրողի հարցին:
«Բարև Ձեզ:
Հարգելի՛ տիկին նախարար,
Սիրելի՛ գործընկեր,
Ողջունում եմ մեր բարեկամ երկիր Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար, իմ լավ բարեկամ Կատրին Կոլոննայի՝ ընթացիկ տարվա մեջ արդեն երկրորդ այցը Հայաստան: Այց, որը տեղի է ունենում չափազանց դժվար ժամանակաշրջանում թե´ ՀՀ, թե´ հայ հասարակության և ժողովրդի համար:
Ադրբեջանի կողմից շարունակական ուժի կիրառման և հայատյաց քաղաքականության հետևանքով այսօր Լեռնային Ղարաբաղը ենթարկվել է փաստացի էթնիկ զտման. Լեռնային Ղարաբաղի 100.000-ից ավելի հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը՝ բախվելով գոյաբանական վտանգների, հիմնավոր մտավախություն ունենալով իրենց կյանքի, ընտանիքների, այդ թվում՝ կանանց, երեխաների և տարեցների անվտանգության ապահովման հարցում: Եվ այդ մտավախությունը հիմնավորվում է ոչ թե տեսական փաստարկներով, այլ ընդամենն օրեր առաջ՝ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական հարձակմամբ, որի ժամանակ թիրախավորվեցին նաև քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածքները: Մենք այդ մասին խոսելու և խնդիրը միջազգային առավելագույն բարձր մակարդակով բարձրաձայնելու հնարավորություն, տիկին նախարար, ունեցանք սեպտեմբերի 21-ին՝ Նյու Յորքում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի ձևաչափով, որն ընդգծեմ հրավիրվել էր Ֆրանսիայի և Հայաստանի կողմից զուգահեռ ներկայացված նամակների հիման վրա:
Այսօրվա իրականությունը ցույց տվեց, որ միջազգային դերակատարների կողմից հայտարարություններն ու գործադրված ջանքերը բավարար չէին իրականացնելու զանգվածային ոճրագործությունների կանխման համընդհանուր հանձնառությունը և ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ ու արժանապատիվ կյանքն իր բնօրրանում: Ես ցանկանում եմ ընդգծել սա, քանի որ տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված ուժի կամ ուժի սպառնալիքի հետագա կիրառման, Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, ժողովրդավարության նկատմամբ նկրտումների զսպումը շարունակական մարտահրավեր է:
Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրմանը: Այդուհանդերձ, երկարատև խաղաղության համար առանցքային է բոլոր առկա խնդիրները քաղաքական երկխոսության ճանապարհով լուծելու փոխադարձ պատրաստակամությունը: Ի հավելումն ՄԱԿ ԱԽ հիշյալ նիստում ՀՀ արտահայտած ակնկալիքների՝ այդ հարցերը ներառում են ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի առավելագույն հստակության ապահովումը՝ 1975թ. քարտեզի հիման վրա, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը բացառապես պետությունների ինքնիշխանության և իրավազորության ներքո, հավասարության և փոխադարձության սկզբունքների համաձայն:
Իհարկե, մեզ համար էական նշանակություն ունեն նաև մարդասիրական բնույթի հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի ապահովումը:
Այսօր մենք, հասկանալիորեն, կենտրոնացանք տարածաշրջանային իրավիճակի քննարկման վրա: Բայց և հնարավորություն ունեցանք շարունակելու մեր նախորդ քննարկումները հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների օրակարգի վերաբերյալ՝ վերահաստատելով այն ընդլայնելու մեր երկուստեք շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը՝ հաշվի առնելով մերօրյա նոր մարտահրավերները:
Տիկին նախարար,
Թույլ տվեք ևս մեկ անգամ հստակ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը կարիքն ունի, ձգտում է Ֆրանսիայի հետ առավել սերտ գործընկերության և բարեկամության:
Նույնը վերաբերում է նաև Ֆրանսիայի ներգրավվածությամբ տարբեր ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության տիրույթում, միջազգային բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը:
Թանկագին գործընկեր,
Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել Ֆրանսիայի կառավարության կողմից ցուցաբերվող մարդասիրական աջակցության համար՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի համար առկա առաջնային խնդիրների հասցեագրմանը:
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բարեկամական մթնոլորտում քննարկումների համար և սիրով խոսքը փոխանցում եմ Ձեզ:
Հարց (Factor TV)՝ ուղղված Ֆրանսիայի ԱԳ նախարարին. Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ Երևանն ու Փարիզը պատրաստվում են պայմանագիր կնքել զինտեխնիկայի, ռազմատեխնիկայի փոխանցման հետ կապված: Արդյո՞ք հնարավոր է որոշակի մանրամասներ ներկայացնել ժամանակագրական առումով, թե դրանք երբ կլինեն։ Եվ Ֆրանսիայի համար կարևո՞ր է, որ այդ հարաբերությունները խորացնելու համար Հայաստանը դադարեցնի համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ:
Պատասխան (Արարատ Միրզոյան). Ի լրումն Ֆրանսիայի արտգործնախարարի պատասխանի. Անդրադառնալով հարցին, կարծում եմ, որ տիկին նախարարը ավելի, քան սպառիչ պատասխան տվեց հարցի առաջին մասին և չեմ պատկերացնում, թե Դուք ավելի մանրամասն ինչ պատասխան եք ակնկալում։ Խոսքը Հայաստանի պաշտպանական կարողություններին աջակցելու մասին է, կարող ենք այսքանով սահմանափակվել։ Եվ հարցի երկրորդ հատվածը. կարող եմ վստահեցնել, որ մեր գործընկերները երբևէ այդպիսի պահանջ կամ հարցադրում նույնիսկ մեր առջև չեն դրել՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով։ Շնորհակալություն: