Երեւանը երբեւէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով. ՏԿԵՆ․ «Արմենպրես»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանը երբեւէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից:
- Արդյո՞ք Երեւանը դիմել է Մոսկվային բենզին եւ դիզվառելիք անհատույց մատակարարելու խնդրանքով:
- Երեւանը երբեւէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Համաձայն 2013թ.-ին կողմերի միջեւ կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ: Բենզինի եւ դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, եւ հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել եւ ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին եւ 20 հազար տոննա դիզվառելիք:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ ի պատասխան Հայաստանի ղեկավարության դիմումի՝ Ռուսաստանը սկսել է հանրապետությանը անհրաժեշտ նավթամթերքի մատակարարումը։
«Խոսքը 15 հազար տոննա բենզինի եւ 20 հազար տոննա դիզելային վառելիքի մասին է։ Ինչպես հայտնի է դարձել գործընկերների հարցումից, Հայաստանում այս ոլորտում իրավիճակը բարդ է։ Երկիրը գրեթե հատել է ընթացիկ տարվա համար հաստատված հաշվեկշիռը։ Առջեւում աշուն-ձմեռ ժամանակահատվածն է։ Ռուսաստանի աջակցությունը շատ ժամանակին եւ օգտակար կլինի: Չնայած ՌԴ կառավարության սեպտեմբերի 21-ին առեւտրային բենզինի եւ դիզվառելիքի արտահանման ժամանակավոր արգելքի սահմանմանը, ռուսական կողմը 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համապատասխան միջկառավարական համաձայնագրի շրջանակում ընդառաջել է իր դաշնակիցներին»,- նշված էր հաղորդագրության մեջ։