Պուտինն ու Ալիևը կքննարկեն Ղարաբաղի եւ ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը. Ուշակով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 12-ին նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կքննարկվի Ղարաբաղի և ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը, ներառյալ նրանց հետագա օգտագործման հնարավորությունը՝ ղարաբաղցի հայերի հնարավոր վերադարձը ապահովելու համատեքստում, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Առաջնորդները կլինեն Ղրղզստանում, որտեղ հոկտեմբերի 13-ին տեղի կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։
«Ճաշից հետո նախատեսվում է զրույց Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Կարող եմ ասել, որ մենք շատ ենք կարևորում այս շփումը, ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և դինամիկ զարգանում են։ Նախագահները մտքեր կփոխանակեն զարգացման հետագա հեռանկարների շուրջ թե՛ տնտեսության, թե՛ տրանսպորտի և լոգիստիկայի, էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացման համատեքստում»,- լրագրողներին ասել է Ուշակովը։
«Եվ, իհարկե, կքննարկվեն Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերը: Օրակարգում ղարաբաղցի հայերի խաղաղ ինտեգրումն է Ադրբեջանի իրավական դաշտ՝ հարգելով միջազգայնորեն ճանաչված իրավունքներն ու ազատությունները, և ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է իր ներդրումն ունենալ։ Ռուս խաղաղապահների շուրջ ստեղծված իրավիճակը, հուսով ենք, մեր նախագահը կքննարկի նախագահ Ալիևի հետ միասին»,- հավելել է Ուշակովը:
Նա նշել է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատը լրանում է 2025 թվականի դեկտեմբերին։
«Եվ այստեղ կդիտարկվեն մեր զորախմբի հնարավոր հետագա օգտագործման տարբեր տարբերակներ, այդ թվում՝ սեպտեմբերին հայտնի իրադարձություններից հետո ղարաբաղցի հայերի հնարավոր վերադարձի ապահովման համատեքստում», - ասել է ՌԴ նախագահի օգնականը: