Իրանի ԱԳ նախարարը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ-ի ոչ կառուցողական քաղաքականությունը գնահատել է որպես Գազայում պատերազմի շարունակման և ընդլայնման կարևոր գործոն, գրում է Mehr-ը։
«Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավարն ասել է, որ ցավոք, Գազայում օրական 300-ից 700 խաղաղ բնակիչ է նահատակվում, և Գազայի շրջափակման և մարդասիրական միջանցքի փակման պատճառով անհնար է դեղ և սնունդ ուղարկել այդտեղի բնակիչներին»,- գրում են իրանական լրատվամիջոցները։
Ամիր Աբդոլլահյանի խոսքով, «Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները ճնշված Պաղեստինի ժողովրդի դեմ շարունակվում են, իսկ ամբողջ աշխարհում անցկացվում են լայնածավալ ցույցեր՝ դատապարտելով Սիոնիստական ռեժիմի գործողությունները և Գազայի խաղաղ բնակչության, կանանց և երեխաների դեմ ուղղված հանցագործությունները»:
Նշվում է, որ Բորելն իր հերթին ասել է, որ լարվածության տարածումը տարածաշրջանում շատ վտանգավոր է, և բոլոր կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն։
Նա նշել է, որ Եվրամիությունը շարունակում է պատերազմը դադարեցնելու իր ջանքերը՝ ասելով, որ Եվրամիությունը ընդգծում է Գազայի խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար մարդասիրական միջանցքի բացման կարևորությունը։
Եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը նաև ընդգծել է Իրանի կարևոր դերը տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում։ Նա հավելել է, որ Իրանի և Եվրամիության միջև հյուպատոսական հարցերը պետք է լուծվեն։