ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել հստակ ձեւակերպել Գազա ցամաքային ներխուժման իր նպատակները. CNN
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները Իսրայելին կոչ են արել հստակ ձեւակերպել իր նպատակները, եթե նա սկսի ցամաքային ներխուժումը Գազա՝ նախազգուշացնելով երկարատեւ օկուպացիայից եւ հատուկ շեշտադրելով խաղաղ բնակչության շրջանում զոհերի անթույլատրելիությունը, տեղեկացրել է CNN-ը՝ հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին Արեւմուտքում եւ ԱՄՆ-ում։
Աղբյուրների խոսքով՝ իսրայելցի գործընկերների հետ մասնավոր զրույցներում արեւմտյան պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները չեն փորձել համոզել Իսրայելին, որ Գազա չմտցնի ցամաքային զորքեր։
Նրանք ընդգծել են, որ Իսրայելը պետք է ունենա հստակ նպատակներ, երբ խոսքը վերաբերում է ՀԱՄԱՍ-ին դուրս մղելուն եւ Գազայի հատվածի երկարատեւ օկուպացիայից խուսափելուն։
«Մեր խորհուրդը նրանց «Մի արեք դա»-ն չէ, որովհետեւ մենք լիովին հարգում ենք ՀԱՄԱՍ-ին հետապնդելու նրանց իրավունքը, իսկ դա նշանակում է հետապնդել նրանց, որտեղ էլ որ նրանք լինեն,- CNN-ին ասել է ՆԱՏՕ երկրներից մեկի պաշտպանության նախարարը։- Այնպես որ, մենք չենք ասում «Մի արեք դա», այլ «Մտածեք այն մասին, թե ինչ տեղի կունենա, եւ ունեցեք ռազմավարություն, այլ ոչ թե պարզապես մարտավարական մանեւր»։ Մենք ակնկալում ենք, որ Իսրայելը կգործի միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում, բայց մենք հասկանում ենք, որ այստեղ նա գործ ունի թշնամու հետ»։