Ազատ գյուղի հրդեհից զոհված 15 զինվորի գործով նիստին հետազոտվել են գործով ապացույցները․ նիստը ավարտվեց
ԻՐԱՎՈՒՆՔԳեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինվորի գործով հետազոտվել են գործով ապացույցները։ Այս մասին NEWS.am-ին ասաց գործով ամբաստանյալ Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։
Սարգսյանը մասնավորապես նշեց, որ դատարանը հետազոտել է գործով փորձաքննությունների եզրակացությունները․ «Դատաբժշկական, գենետիկական, հրդեհատեխնիկական, ապրանքագիտական։ Նշածս բոլոր փորձաքննությունները դատարանում հետազոտվեցին։ Հաջորդը տուժողների հարցաքննությունն է։ Հետազոտվել է նաեւ դեպքի վայրի զննությունը»։
Հովսեփ Սարգսյանն ասաց, որ գործով ամբաստանյալներ Գոռ Աղեկյանի եւ Մառլեն Սարգսյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին՝ ազատ արձակել իրենց պաշտպանյալներին, սակայն դատարանը մերժեց այդ միջնորդությունը։
Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեն 5 անձ, որոնցից 3-ը կալանքի տակ են։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 1-ին։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։