Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
ԻՐԱՎՈՒՆՔԻրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Այս մասին իր ֆեյսբուքան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«ՎԵՐՋԱՊԵՍ
Քիչ առաջ, ինձ զանգահարեց ոմն քննիչ և հաղորդեց, որ ինձ մեղադրանք է առաջադրվել քր․ օրենքի․ «բռնության կոչ», 330 հոդվածով։ Մեղադրանքի հիմք է հանդիսացել, ս․թ․ սեպտեմբերի 19-ի ներքո բերված գրառումը։ Բացարձակապես չեմ զղջում գրառման համար, նույնիսկ համարում են այն ավելի քան մեղմ է։ Պետք է շատ ավելի վճռական, բիրտ խոսել և գործել դավաճանների դեմ։
Այսօր ամոթ է, եթե քեզ մեղադրանք չեն առաջադրել, ուրեմն դու հարմարվել ես ու հաշտվել հայրենիքի կորստի հետ։ Ստալինյան շրջանում գնդակահարեցին երկու պապերիս ու մի տատիս, բրեժնևյան շրջանում ԿԳԲ էին տանում ու հարցաքննում հորս։ Վերջապես, անկախ կոչվող, իրականում՝ ողորմելի Հայաստանում, գարշապետի ցուցումով, ինձ էլ մեղադրանք առաջադրվեց»,- գրել է նա։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նույնպես գրառում է կատարել այս կապակցությամբ՝ գրելով. «Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ներքևում նշված գրառման համար։
Ամոթ։ Հազար ամոթ։
ՀԳ. Շատ տրամաբանական է, որ ռեժիմը թիրախավորել է Հայաստանի թիվ մեկ իրավապաշտպանին։ Դեպի բռնապետություն գահավիժող երկրում դա պարզապես անխուսափելի է»:
Նշենք, որ քրեական հետապնդում է հարուցվել Իշխանյանի հետեւյալ գրառման համար.
«ՄԱ՛Հ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ
Չի բացառվում, որ ինչպես 2020թ․, այնպես էլ այսօր սկսված պատերազմը պայմանավորված էր։ Այն ինչ մինչև վերջ չհաջողվեց 2020թ․, այն է՝ Արցախի ամբողջական հանձնումը, փորձ է կատարվում իրականացնել այժմ։ Սրան նախորդեցին վարչապետ կոչեցյալ դավաճանի հակառուսական հայտարարությունները,ԵՄ կոչվող դիտորդները, հայ-ամերիկյան զորավարժությունները, որոնք հիանալի հող ստեղծեցին ադրբեջանական հարձակման համար։
Ադրբեջանը շտապում է, քանի որ իր դրածո դավաճանի աթոռը երերում է։
Միևնույնն է, ի հեճուկս դավաճանների, Արցախը մնալու է կանգուն։
Մա՛հ դավաճաններին»:։