Սամբոյի աշխարհի առաջնություն. ամփոփվել է ԿԳՄՍՆ հայտարարած մրցույթը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփում է Երևանում կայանալիք սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնությանն ընդառաջ հայտարարված մրցույթը:
Մրցույթի նպատակն էր նպաստել սամբո մարզաձևում հայ անվանի մարզիկների և նրանց նվաճումների հանրահռչակմանն ու ճանաչելիության բարձրացմանը, հասարակության շրջանում սամբո մարզաձևի նկատմամբ հետաքրքրության խթանմանը:
ԿԳՄՍՆ Instagram-ի Story բաժնում նոյեմբերի 7-ին և 8-ին հրապարակվել է 4 հարց՝ հայ սամբիստների և, առհասարակ, սամբո մարզաձևի վերաբերյալ:
Ներկայացնում ենք հրապարակված հարցերը, պատասխաններն ու առաջինը ճիշտ պատասխանած մասնակիցներին:
07.11.2023
Հարց 1. Ե՞րբ է Հայաստանում տարածվել սամբո մարզաձևը և հայկական ո՞ր մարզաձևի տարրեր է այն ներառում:
Պատասխան՝ Հայաստանում սամբո մարզաձևը տարածվել է 1950-ական թվականներին: Այն ներառում է հայկական կոխ ըմբշամարտի տարրեր:
Հաղթող՝ Ալեքս Համբարձումյան, ավագ դպրոցի աշակերտ:
Հարց 2. Ի՞նչ է նշանակում սամբո հապավումը:
Պատասխան՝ Սամբո-ն հապավում է ռուսերենից՝ самозащита без оружия, ինքնապաշտպանություն առանց զենքի:
Հաղթող՝ Վադիս Համբարձումյան, 9-րդ դասարանի աշակերտ:
08.11.2023
Հարց 1. Ո՞ր հայ սամբիստն է կարիերայում 5 անգամ հռչակվել աշխարհի չեմպիոն:
Պատասխան՝ ԽՍՀՄ եռակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը նաև աշխարհի 5-ակի չեմպիոն է (1988-91, 1996):
Հաղթող՝ Սվետլանա Մանուչարյան, տնային տնտեսուհի:
Հարց 2. Ո՞վ է եղել հայաստանցի առաջին աշխարհի չեմպիոնը. ե՞րբ և որտե՞ղ նվաճել չեմպիոնական տիտղոսը:
Պատասխան՝ Հայ մարզիկներից աշխարհի չեմպիոնի կոչումն առաջինը նվաճել է Գառնիկ Հովհաննիսյանը՝ 1981 թվականին Մադրիդում:
Հաղթող՝ Լիլիթ Հոխանյան, Հայ-ռուսական համալսարանի «ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» բաժնի առաջին կուրսի ուսանող:
Հաղթած մասնակիցները կպարգևատրվեն աշխարհի առաջնության բացման արարողության տոմսերով: Սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 10-12-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին և կմեկնարկի ժամը 16:00-ին: