Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից. ՊՆ խոսնակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍոթքում 2023-ի սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Նարեկ Պողոսյանին դուրս են գրել հոսպիտալից։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցանկում։ Բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել նրան` սրտի զարկերը վերականգնվել էին, բայց վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
«Նարեկ Պողոսյանն արդեն հոսպիտալից դուրս է գրվել։ Նա ստանում է վերականգնողական բուժում»,– ասաց Թորոսյանը։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել էր նաև ականանետներ և անօդաչու սարքեր: Հայկական կողմից 3 զինծառայող էր զոհվել, 2–ը` վիրավորվել: