ԵՄ երկրների մեծ մասը շարունակում է ռուսական գազ գնել. «Գազպրոմ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵվրամիության երկրների մեծ մասը շարունակում է ռուսական գազ գնել։ Այս մասին ասել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, տեղեկացրել է «Կոմերսանտը»։
Նրա խոսքով՝ էներգառեսուրս շարունակում են ստանալ անգամ այն երկրները, որոնք հայտարարել էին դրանից հրաժարվելու մասին։ Մատակարարումներն իրականացվում են Բաումգարտենի (Ավստրիա) բաշխիչ հաբի միջոցով, գազն այնտեղ է գնում Ուկրաինայի տարածքով՝ «Սուջա» կոմպրեսորային կայանով, ասել է Միլլերը։
«Իրականում ես չէի ցանկանա որեւէ թիվ նշել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ մոլեկուլները մայրուղային գազատարում ազգային երանգավորում չունեն»,- ասել է Միլլերը՝ պատասխանելով լրագրող Իվան Զարուբինի հարցին։ Նա ընդգծել է, որ վառելիքից օգտվում են անգամ այն երկրները, որոնք «հայտարարել են, որ պաշտոնապես հրաժարվում են ռուսական գազից»։
ԵՄ հարավային եւ հարավարեւելյան մասեր ռուսական գազը մատակարարվում է ավելի վաղ սահմանված պայմանավորվածություններով, նշել է նա։
Այսօր՝ նոյեմբերի 11-ի առավոտյան, «Գազպրոմը» տեղեկացրել է, որ «Սուջայով» մատակարարում է 42 մլն խորանարդ մետր գազ։
Նոյեմբերի 8-ին ԵՄ երկրների ստորգետնյա պահեստարաններում 109,83 մլրդ խորանարդ մետր գազ կար։ ԵՄ գազի պաշարները հասել են նոր պատմական առավելագույնի՝ 99,6 տոկոսի (9,84 տոկոսային կետով ավելի, քան միջինը հինգ տարվա ընթացքում)։