Microsoft-ի նախագահը Ռուսաստանին մեղադրել է Մերձավոր Արեւելքի իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն «ապատեղեկատվություն» է տարածում Մերձավոր Արեւելքի իրավիճակի վերաբերյալ, շաբաթ օրն ասել է Microsoft ընկերության նախագահ Բրեդ Սմիթը, տեղեկացրել է AFP-ն։
Սմիթին Փարիզում ընթացող խաղաղության միջազգային համաժողովում, մասնավորապես, հարցրել են ամերիկյան տեխնոլոգիական հսկայի դերի մասին խաղաղության ամրապնդման գործում։
Նա ասել է, որ Microsoft-ը եւ նրա մրցակիցները պայքարում են ապատեղեկատվության դեմ՝ մասնավորապես օգտագործելով արհեստական բանականությունը։
Սմիթի խոսքով՝ Microsoft-ը եւ այլ ընկերություններ դա անում են « տեխնոլոգիական գործիքների ստեղծման ճանապարհով, որոնք հեշտացնում են մանիպուլացվող, մոդիֆիկացվող, փոփոխվող կոնտենտի հայտնաբերումը»։
«Մենք շատ լավ կարողանում ենք ճանաչել ռուսական քարոզչությունը, օրինակ, երբ նրանք փորձում էին մարդկանց համոզել չպատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Կամ այսօր, երբ մենք տեսնում ենք ռուսական ապատեղեկատվությունը Մերձավոր Արեւելքում»,- ասել է Սմիթը։
Նրա խոսքով՝ այդ ապատեղեկատվությունը հայտնաբերող տեխնոլոգիական պլատֆորմներն ունեն գործողությունների երեք տարբերակ՝ ոչինչ չանել, հեռացնել այն կամ վերափոխել եւ նշել, որ բովանդակությունը փոխվել է։
«Հասարակությունը միասնական կարծիք չունի այն հարցում, թե ինչ պետք է անեն ընկերությունները»,- ավելացրել է Սմիթը։