Իսրայելը կբախվի հիասթափության այնպես, ինչպես Հայաստանը. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսրայելը ահաբեկչական պետություն է»,- այսօր՝ նոյեմբերի 15-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով երկրի խորհրդարանում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խմբակցության անդամների առջև, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Իսրայելը զբաղված է պետական ահաբեկչությամբ։ Ես սա հստակ ասում եմ՝ Իսրայելը ահաբեկչական պետություն է։ Դուք ՀԱՄԱՍ-ին անվանում եք ահաբեկչական կազմակերպություն։ Բայց ՀԱՄԱՍ-ը քաղաքական կուսակցությունն է, որը հաղթեց ընտրություններում։
Չնայած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն միջուկային զենք ունի, նրա վերջը մոտ է»,-ասել է Էրդողանը։
«Նեթանյահու, ընդունիր, որ դու միջուկային ռումբ ունես։ Ընդունեք դա։ Դու դա ունես, դրա համար էլ սպառնում ես։ Ինչքան էլ ռումբ ունենաք, ձեր վերջը եկել է»,- ասել է նա։
«Իսրայելը նույնպես կհիասթափվի, ինչպես Հայաստանը՝ ղարաբաղյան հակամարտությունում։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, մեզ ոչ ոք չի կարող կոտրել։ Եվ հետևաբար, մեզ համար անհրաժեշտություն է հզոր ու ժամանակակից բանակ ունենալը»,-հայտարարել է Էրդողանը։