Հայաստանն ու Իրանը Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզ են ներկայացրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանն ու Իրանը քննարկել և ներկայացրել են Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը։
Նշվում է, որ նոյեմբերի 15-16-ին Երևանում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության Շրջակա միջավայրի կազմակերպության մարդկային շրջակա միջավայրի հարցերով տնօրենի տեղակալ Իրաջ Հեշմաթիի գլխավորությամբ կայացել է համատեղ նիստ։
Նիստի ընթացքում կողմերը քննարկել և համատեղ ներկայացրել են Արաքս սահմանային գետի պահպանման աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզը, քննարկել և հաստատել են Արաքս սահմանային գետի ջրի որակի համատեղ մոնիթորինգային աշխատանքների իրականացման տարեկան ծրագիրը։
Վերականգնվել է Արաքս սահմանային գետի ուսումնասիրման մոնիթորինգային հայ-իրանական աշխատանքային խմբի երկկողմ համագործակցությունը՝ երկարաժամկետ կտրվածքով Արաքս սահմանային գետի ջրի որակն ապահովելու նպատակով։ Կողմերը քննարկել են Արաքս գետի ջրի որակի համատեղ գնահատման մեխանիզմները։
Նիստի արդյունքներով կողմերը ստորագրել են Արձանագրություն։